Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայաստանը կունենա մետաղական հանքարդյունաբերության ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ

Հայաստանը կունենա մետաղական հանքարդյունաբերության 
ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նպատակադրվել է առաջիկա մեկ ու կես տարվա ընթացում երկրում մետաղական հանքարդյունաբերական ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ ունենալ: Այդ տեսլականին կնպաստի Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 24-ին տեղի ունեցած ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը ներկայացվեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու նախաձեռնությունը, որը կապահովվի ոլորտի արդյունավետ կառավարվող դաշտ, ինչն էլ կհանգեցնի Հայաստանի ներդրումների ներգրավմանը և կայուն տնտեսական աճին: EITI ստանդարտի ներդրման կառավարումը կատարվելու է կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաշահառու խմբերի միջոցով:

«Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) թեկնածու երկիր դառնալուն նվիրված միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխնախարարներ, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, EITI-ի բազմաշահառու խմբի անդամները, քաղաքացիական հասարակության և արդյունահանող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ուրախություն հայտնեց EITI-ին Հայաստանի թեկնածու դառնալու առնչությամբ: Նրա խոսքով` Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է Հայաստանի կարևորագույն ճյուղերից մեկը`հանքարդյունաբերությունն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնել պետական մարմինների համար, իսկ քաղաքացուն` ավելի կոմպետենտ և տեղեկացված:

«Այս նախաձեռնությունը համահունչ է մեր կողմից որդեգրած բաց և թափանցիկ կառավարության գործելաոճին: Այն մեր կողմից իրականացվող ռեֆորմների բաղկացուցիչ մասն է: Հանքարդյունաբերությունը, որքան կարևոր, այնքան էլ բարդ ոլորտ է, այստեղ հաշվի են առնվում հանրային ակնկալիքները, գործարարի շահը և պետության կայուն զարգացման գերակայությունը: Մեզ համար կարևորը հավասարակշռությունն է` գտնել այն բանաձևը, որ բոլորի համար կստեղծի թափանցիկ և արդյունավետ կառավարվող դաշտ, որով ներդրումներ կներգրավվեն, որոնք կապահովեն կայուն տնտեսական աճ` ոլորտում միջազգային փորձի կիրառմամբ: Նպատակը բավականին հավակնոտ է, դրան հասնելու համար անհրաժեշտ է ձևավորել  այնպիսի բազիս, որտեղ շահառուները կունենան ընդհանուր կարծիք համատեղ որոշումներ կայացնելու համար: Այս հարթակը մենք գտանք EITI-ում»,- ասաց վարչապետը` ընդգծելով, որ EITI գործընթացի առանձնահատկությունն այն է, որ դրա կառավարումը  կատարվում է եռակողմ` կառավարությունը, արդյունահանող ընկերությունը, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաշահառու խումբը: Վերջինս, ըստ վարչապետի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ մեկ տարվա ընթացքում լիովին կատարել է իր առջև դրված խնդիրները, ինչի արդյունքում Հայաստանը ստացավ EITI անդամ երկրի կարգավիճակ:

Կարեն Կարապետյանի դիտարկմամբ` առաջիկա մեկ ու կես տարվա ընթացում պետք է ունենանք Հայաստանի մետաղական հանքարդյունաբերական ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ` EITI համապատասխան զեկույցով և հասարակությանը հասանելի ամբողջական և մատչելի տեղեկատվությամբ, իսկ որպես հեռանկարային նպատակ հարթակը կարող է ծառայել EITI ստանդարտի պահանջներից դուրս, որպես միջազգային լավագույն փորձի և պատասխանատու հանքարդյունաբերության գաղափարն ամրապնդող ներուժ Հայաստանում, որի գործում մեծ կլինի միջազգային գործընկերների դերը: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին և… գնանք առաջ»,- ասաց վարչապետը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորեց ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին EITI-ին Հայաստանի թեկնածությունն ընդունելու հարցում, որն ապահովվում է արդյունաբերությունում թափանցիկ և հաշվետու կառավարման հանձնառություն: Նա կարևորեց այդ ձեռքբերումը, և ընդգծեց, որ այն պետք է մեծ հպարտության զգացում լինի ցանկացած հայի համար:

«Առանձնակի գովեստով եմ ուզում արտահայտվել ՀՀ իշխանությունների և վարչապետի թիմի հասցեին` շատ կոնկրետ և ակտիվ քայլեր ձեռնարկելու համար, որոնց շնորհիվ նպատակներն իրականություն դարձան: ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, Համաշխարհային բանկի, նաև Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ միասին աջակցություն ցուցաբերեցին այս գործընթացի իրականացման համար: Աջակցությունը ցուցաբերվել է, քանի որ հաշվի են առնվել, որ այն կարևոր նշանակություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Միլսի խոսքով` անդամակցությունն ամենակարևորը չէ, դրանով մեկնարկում է մի հանձնառություն, որի շրջանակներում կառավարությունը, հանքարդյունաբերական ոլորտը և քաղաքացիական հասարակությունը պետք է միասին աշխատեն` ապահովվելու ավելի մեծ թափանցիկություն:

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը լուրջ նվաճում համարեց EITI -ին Հայաստանի անդամակցությունը: Նրա խոսքով` Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակելու Հայաստանին գործնական աջակցության տրամադրումը, որպեսզի բարելավվի բիզնես միջավայրը, նվազեցվեն կոռուպցիան և աղքատությունը, ինչպես նաև այն դառնա Հայաստանի բնակչության համար բարգավաճման աղբյուր: «Ես կուզենայի շնորհավորել բոլորին և ևս մեկ անգամ հաստատել մեր շարունակական աջակցությունը»,- ընդգծեց Ջուդիթ Ֆարնուորթը:

Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը նշեց, որ հպարտ են գործընթացին մաս կազմելու համար: «Սա իսկապես թիմային աշխատանք է և այն հիմնական պատճառն է, որ ՀԲ-ն օգնել է Հայաստանին EITI-ի անդամակցության համար: Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման համար կարևոր է, որպեսզի կառավարությունը, արդյունահանող ընկերությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող բազմաշահառու խումբն ունենան իրենց ձայնը և քվեն որոշումների կայացման հարցում: Հայաստանը նվիրված է, ընդունում է թափանցիկության և հանքարդյունաբերության կայուն զարգացման կարևորությունը, ինչն էական նշանակություն ունի մեր տնտեսական իրողության, ներդրումների համար: Սա ընդամենը սկիզբն է»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ առջևում դեռ հսկայական աշխատանք կա:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իր ելույթում ներկայացրեց կատարված աշխատանքների պատմությունը, ընթացքը, դժվարությունները, ձեռքբերումներն ու ապագա աշխատանքները: Նրա ներկայացմամբ` ամենադժվարին աշխատանքը կառավարության, արդյունահանող ընկերության և  քաղաքացիական հասարակության միջև վստահության մթնոլորտի ձևավորումն էր:

«Ես չեմ կարող ասել, որ հարցերը լուծված են և դրանք շատ հարթ են, քանի որ դա կլիներ անհեթեթություն: Մենք պետք է ջանքեր գործադրենք եռակողմ աշխատանք ապահովվելու համար: Սկիզբը շատ ոգեշնչող է և դրա համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բազմաշահառու խմբի բոլոր անդամներին»,- ասաց Հարությունյանը` ամենածանր և լուրջ աշխատանքը համարելով հետագա գործունեությունը, քանի որ մեկ ու կես տարվա ընթացքում պետք է ներկայացվի առաջին հաշվետվությունը, որի բովանդակությունը ձևավորում է բազմաշահառու խումբը:

Նրա խոսքով` EITI -ին Հայաստանի անդամակցության նախաձեռնությունը կօգնի բարելավելու օրենսդրական դաշտը: «Մաղթում եմ արդյունավետ, թերևս ոչ հեշտ աշխատանք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱԹՃՆ-ի թեկնածության հայտը և ՀՀ-ին շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Հայաստանը դարձավ 51-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի Ստանդարտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am