Քաղաքականություն

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդում մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Իսպանիայի Թագավորության ԱԳ, Եվրամիության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների Պետական քարտուղար Դիեգո Մարտինեզ Բելիոյի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ` ընդգծելով տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն իսպանացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Նախարարի տեղակալը շեշտել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացում առավելագույն հստակության ապահովման կարևորությունը։

Պարույր Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին ու այդ համատեքստում ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգային հարցերի առնչությամբ երկու երկրների մոտեցումների շուրջ։ Կողմերը կարևորել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում