Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

«Ֆինանսական ֆուտբոլ» խաղը կօգնի երիտասարդներին զարգացնել ֆինանսական գիտելիքներ և ձեռք բերել նոր հմտություններ

«Ֆինանսական ֆուտբոլ» խաղը կօգնի երիտասարդներին զարգացնել ֆինանսական 
գիտելիքներ և ձեռք բերել նոր հմտություններ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիզա» միջազգային կազմակերպությունը, ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ, գործարկեց «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի հայկական տարբերակը: «Ֆինանսական ֆուտբոլ» խաղը ինտերակտիվ առցանց խաղ է, որը ուսանողներին և ավելի բարձր տարիքի անձանց կօգնի զարգացնել իրենց ֆինանսական գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ՝ վայելելով խաղը և պատասխանելով ֆինանսական ոլորտին վերաբերող հետաքրքրաշարժ հարցերին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆինանսական ֆուտբոլը» «Վիզա» միջազգային կազմակերպության գլոբալ նախաձեռնության մի մասն է, որի նպատակն է հիմնարար գիտելիքներ տալ բյուջեի կառավարման վերաբերյալ: 

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշեց, որ Կենտրոնական բանկը բազմաթիվ միջոցառումներ է իրականցանում ֆինանսական կրթման ոլորտում և այն համարում է մարդկանց բարեկեցության անհրաժեշտ գործոններից մեկը:

«Այդ միջոցառումների մեջ հատկապես կարևոր է այնպիսի մեթոդներ գտնել, որոնք կմիավորեն ստեղծագործական և նորարարական տեխնոլոգիաներն ու կրթությունը: «Ֆինանսական ֆուտբոլ» խաղն այդպիսի գործիք է, որը  թույլ է տալիս միաժամանակ ուսանել և զվարճանալ: Երիտասարդները կարող են «Ֆինանսական ֆուտբոլ» խաղալու միջոցով ստանալ ֆինանսների վերաբերյալ բազմաթիվ գիտելիքներ: Խաղը նախատեսված է 16-ից բարձր ցանկացած մարդու համար: Կարծում ենք, որ տեխնիկայի տեսանկյունից այն կհետաքրքրի երիտասարդներին»,- ասաց նա` հավելելով, որ խաղը մշակել է «Վիզա» միջազգային ընկերությունը և այն 40-ից ավել երկրներում արդեն ներդրվում է: Մկրտչյանի խոսքով` միջազգային ընկերությունն օգնել է ԿԲ-ին այն տեղայնացնել հայկական միջավայրին: Թարգմանությունը կատարվել է Կենտրոնական բանկի կողմից, իսկ տեխնիկական համալրումը` «Վիզա» ընկերության:

 Արմենուհի Մկրտչյանը նաև հույս հայտնեց, որ ֆինանսական կրթության ոլորտում «Վիզա»  ընկերության հետ իրենք կդառնան գործընկերներ:

 Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում «Վիզա»-ի  ներկայացուցիչ Դմիտրո Կրեպակը տեղեկացրեց, որ խաղը ստեղծվել է «Վիզա» և «Ֆիֆա» ընկերությունների հետ համատեղ , որպեսզի օգնի մի շարք երկրներում ֆինանսական կրթության տարածմանը:

«Վիզա» ընկերության սոցիալական պատասխանատվության համար այն շատ կարևոր ռազմավարական տարր է: Մենք շատ ուրախ ենք, որ ՀՀ ԿԲ-ն և Կրթության և գիտության նախարարությունը որոշել են տեղայնացնել այս խաղը հայկական շուկայի համար: Խաղը թարգմանված է հայերեն, և հարցերը մշակված են տեղական ֆինանսական միջավայրի առանձնահատկությունները հաշվի առնելով: Ֆինանսական կրթման ծրագրերը կօգնեն հասարակությանը կայացնել տեղեկացված որոշումներ»,- ասաց նա` հույս հայտնելով, որ այս խաղը կհետաքրքրի երիտասարդներին, երեխաներին, ինչպես նաև մեծահասակներին, քանի որ տեղեկատվությունը շատ ավելի լավ է ընկալվում մարդկանց կողմից, եթե այն ներդրված է խաղի տեսքով:

Կրեպակի խոսքով` «Ֆինանսական ֆուտբոլը» կլինի արժեքավոր գործիք՝ պետական և ոչ պետական դպրոցների և կազմակերպությունների հետ ֆինանսական գրագիտության ոլորտում երիտասարդների հետ աշխատելու համար:

Հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Կարինե Հարությունյանի խոսքով` ներկայումս երեխաների ուսուցումը տեսանյութերի, խաղերի միջոցով շատ արդյունավետ է, քանի որ այդ գույները լրացնում են այն, ինչ ներկայցված է դասագրքում:

«Դասագրքերն այսօր մեծ ձանձրույթ են առաջացրել երեխաների մեջ: Հրաշալի է, որ այժմ սովորեցնելու համար դասագիրքը միակ միջոց չէ, հաշվի առնելով երեխաների հետաքրքրությունները հեռուստացույցի, համակարգչի և այլ զբաղմունքների նկատմամբ»,- ասաց նա` ցանկություն հայտնելով, որ «Ֆինանսական ֆուտբոլից» հետո կարելի է ներդնել նաև «Ֆինանսական խոհանոցը», որպեսզի պահպանվի գենդերային հավասարությունը:

Նա հավելեց, որ երեխաների համար նման ուսուցողական զբաղմունքները նաև ուսուցիչներին են ստիպում մրցունակ դառնալ, որպեսզի նրանք հնարքներ գտնեն երեխայի դասընթացներն ավելի հետաքրքիր դարձնել:

 Խաղը հասանելի է լինելու ԿԲ-ի ֆինանսական կրթման կայքում` abcfinance.am-ում և financialfootball.am-ում: Ինչպես նաև այն ձայնասկավառակների միջոցով բաժանվելու է աշակերտներին և ուսանողներին:

«Ֆինանսական ֆուտբոլ» խաղը ունի երկու տարբերակ` անհատական խաղացողի և երկկողմանի օնլայն խաղի համար: «Ֆինանսական ֆուտբոլ» խաղն ունի բարդության երեք մակարդակ 11-14, 15-18, 18-ից բարձր տարիքային խմբերի համար: «Ֆինանսական ֆուտբոլ» խաղի յուրաքանչյուր հաջորդ քայլի համար մասնակիցները պետք է ճիշտ պատասխանեն անձնական ֆինանսներին վերաբերող բազմակի ընտրությունների հնարավորությամբ հարցերին: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը մեծացնում է գոլ խփելու նրանց հնարավորությունը:

  Սկավառակում ներառված են նաև բացատրական նյութեր՝ խաղը դպրոցում ուսուցիչների կողմից անցկացնելու համար: Խաղի յուրաքանչյուր մոդուլ պարունակում է թեստեր և վարժություններ, որոնք ստուգում են խաղացողների գիտելիքները:  

­­­­­­


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am