Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Վերաթողարկվում է կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրը


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաթողարկվում է կեսդարյա պատմություն ունեցող «Գարուն» ամսագիրը: Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել ամսագրի առաջին համարը, որը նվիրված անկախության 25-ամյակին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ ամսագիրն ընթերցողներին է ներկայանում նոր շնչով ու նոր մոտեցումներով:

«Կար մի շրջան, երբ «Գարուն» ամսագրի ճակատագիրն առկախված էր: Հարց էր առաջանում, թե արժե՞, արդյոք, նորից թողարկել այն, մի՞թե «Գարուն»-ն ավարտել է իր ասելիքը: Անանյան ընտանիքի սրտացավության, հետևողականության շնորհիվ որոշվեց, որ «Գարուն»-ը պետք է թողարկվի ու շարունակի իր ընթացքը: Այն դեռ ասելու է իր խոսքը»,-ասաց Աշոտ Գաբրիելյանը:

2017 թվականի մարտի 1-ին լրանում է «Գարուն» ամսագրի 50-ամյակը: Ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի խոսքով, «Գարուն»-ը բոլոր ժամանակներում եղել է արդիական: Ահա խնդիր է դրված շարունակել ամսագրի ավանդույթները` ներկայանալով նոր մոտեցումներով:

«Նպատակ է դրված ունենալ դինամիկ, գործուն, լավ հայերենով, ժամանակակից շնչով ամսագիր, որը թե հիմա, թե տարիներ անց չի կորցնի արդիականությունը: Պետք է օժանդակենք «Գարուն» ամսագրի կայացմանը: Ասեմ, որ տպավորիչ խմբագրական խորհրդի կազմ է ձևավորվել: Գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո առաջին համարն արդեն կա: Այդ համարը վկայությունն է այն բանի, որ «Գարուն»-ը պետք է նոր գարուններ բերի: Երբ սկսեցինք վերաթողարկման աշխատանքները, առաջնորդվեցինք չարենցյան խոսքով՝ թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր: Պետք է կարողանանք ժամանակի շունչը պահել»,-ասաց Արամ Անանյանը:

«Գարուն» ամսագրի հաջորդ համարներում շեշտը դրվելու է հրապարակախոսության վրա: Արամ Անանյանի կարծիքով, այսօր հրապարակախոսության վերածննդի անհրաժեշտություն կա, այդ հարթակները մեզանում քիչ են մնացել:

Ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանը նշեց, որ «Գարուն»-ը մեծ ավանդույթներ ունի, հետևաբար դրանք պահպանվելու են: Նա առանձնացրեց թարգմանական աշխատանքների ավանդույթները:

«Ամսագիրը թարգմանական աշխատանքների մեծ ավանդույթ ունի, 90-ականների սկզբից թարգմանվել են մեծ գրական ավանդույթներ ունեցող հեղինակների ստեղծագործություններ: Այդ թարգմանական շարժը կարևոր եղավ ամսագրի համար: Թարգմանական ավանդույթն անհրաժեշտ է պահպանել և առաջ տանել»,-ասաց գլխավոր խմբագիրը: Նրա խոսքով, տարբեր թեմաների հետ կապված՝ փորձելու են բանավեճեր հրավիրել, քննադատության միջոցով վերհանել առկա խնդիրները: Աշոտ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանն աջակցության համար:

Վերաթողարկված «Գարուն» ամսագրի առաջին համարի շնորհանդեսը տեղի է ունենալու նոյեմբերի 4-ին: Ամսագիրը հասանելի կլինի կրպակներում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ