Կառավարության կազմի փոփոխությունն արդյունավետ կլինի երկրի համար. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը դրական է գնահատում կառավարության կազմում նախատեսվող փոփոխությունները:
«Կարծում եմ` փոփոխությունները պայմանավորված են մի քանի հանգամանքով. առաջինը` իշխանությունների ցանկությունն է կարգավորելու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկրորդը` նոր սահմանադրությունը հետզհետե կյանքի կոչելն է: Ըստ իս` Կարեն Կարապետյանը վատ թեկնածու չէ այդ անցումային շրջանն ապահովելու համար: Եվ ի վերջո, Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանություն-ընդդիմություն քննարկումները. կարծում եմ` երկրում ձեւավորվում են երկխոսության նոր մոտեցումներ: Լավ թե վատ, ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում ես հակված են կարծելու, որ այս փոփոխություններն արդյունավետ կլինեն երկրի համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Նա կանխատեսելի է համարում նաեւ Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, քանի որ, նրա խոսքով, Կարեն Կարապետյանի անունը մշտապես եղել է հնարավոր թեկնածուների շարքում:
Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: 2010թ. դեկտեմբերի 17-ին Երեւան քաղաքի ավագանու կողմից նա ընտրվել է Երեւանի քաղաքապետ, պաշտոնավարել է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 28-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում