Մշակույթ

Գյումրիում անցկացվեց բրազիլական երեկո

4 րոպեի ընթերցում

Գյումրիում անցկացվեց բրազիլական երեկո

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլական տաքարյուն պար ու երաժշտություն, կոկտեյլներ ու ուտեսներ. հանրապետության երկրորդ քաղաքում օգոստոսի 19-ի երեկոն բրազիլական էր:

Բեռլին Արտ հոթելն ինչպես հարկն է պատրաստվել էր տարվա ամենասպասված և գունեղ իրադարձություններից մեկին՝ բրազիլական երեկոյին՝ այն վստահությամբ, որ ծանոթացումը տարբեր ազգերի մշակույթներին հիասքանչ միջոց է նորը բացահայտելու և հիշարժան օր անցկացնելու:

Միջոցառման ընթացքում բոլոր հյուրերին առաջարկվեցին տիպիկ բրազիլական ըմպելիքներ, ուտեստներ և աղանդեր, իսկ վերջում խաղեր և պարեր՝ համեմված երկրին հատուկ զվարճալիքներով: Որպես պարտադիր պայման՝ երեկոյի հյուրերը ներկայացել էին բրազիլական գույներով՝ դեղին ու կանաչ: Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին աջակցել էր բրազիլահայ կամավոր Նատալիա Հազարյանը. 24-ամյա աղջիկը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքից է, Հայաստան է եկել Դեպի Հայք ծրագրի շրջանակում: Երեկոյին ներկա էր ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Դեսպանն անձամբ «Արմենպրես»-ին բացահայտեց, ինչպես ինքն է ասում, «երջանկության խմիչքի»՝ քայպիրինյայի, պատրաստման գաղտնիքը: Փորձեցինք՝ լայմով պատրաստված ըմպելիքը՝ մի փոքր ալկոհոլն ավելի թունդ էր: Դեսպանը նկատեց՝ օգտագործված է օղի, բրազիլական ալկոհոլային կոնյակի՝ քաշասայի փոխարեն, որը Հայաստանում գտնելը դժվար է: Խոսելով գինու մասին՝ դեսպանը փաստեց, որ գինին այնքան էլ տարածված չէ Բրազիլիայում, բայց արտադրելու փորձեր արվում են: «Ես իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս այդ հարցում հայերին վստահել, քանի որ հայերը գինի են պատրաստել դեռ հազարավոր տարիներ առաջ: Հուսով եմ, որ նաև Հայաստանից Բրազիլիա կարտահանվի շատ ավելի կոնյակ ու գինի՝ չէ, որ մեծ հայկական համայնք կա Բրազիլիայում»,- ասում է նա:

Այն հարցին, թե ինչպիսի մշակութային նմանություններ կան այս երկու տարբեր երկրներում, Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն պատասխանեց՝ երաժշտությունն ու պարը: «Պարերը տարբեր են, բայց ոգին նույնն է ՝բրազիլացիները չեն կարող ապրել առանց պարելու, հայերի ուրախ միջոցառումներն անցնում են պարերով: Հայը նաև օժտված ազգ է, երաժշտական շատ լավ ստեղծագործություններ ունեք»,-նշեց դեսպանն՝ անդրադառնալով նաև ամառային օլիմպիական խաղերին և, հատկապես, գյումրեցի ծանրորդ Արթուր Ալեքսանյանի հաղթանակին:

«Անչափ ուրախ եմ, ոչ միայն այն բանի համար, որ ձեր ծանրորդը օլիմպիական ոսկու արժանացավ, այլ նաև նրա համար, որ հիմա այդ ծանրորդի քաղաքում եմ: Այն պահին երբ Հայաստանի դրոշը բարձրացավ ու հնչեց հայկական հիմնը՝ դա անասելի պահ էր: Ուրախ եմ այդ հաղթանակի ու հայերի համար»,-հավելեց դեսպանը:Երեկոյի կազմակերպիչների նպատակը` Ամառային Օլիմպիական խաղերի երկրի մշակույթին ու առանձնահատկություններին ծանոթացնելն է:

«Ամենակարևորն այսօր բրազիլական ջերմությունն է ու բրազիլական հողի բարի կամեցողությունը, ինչն ապացուցվեց մեր մարզիկների հաղթանակով: Գյումրին բրազիլական Օզասկո քաղաքի հետ քույր քաղաքներ են: Հուսով ենք, որ բարեկամական հարաբերությունները կզարգանան ու մեծ թափ կստանան՝ հատկապես օլիմպիական հաղթանակներից հետո»,-«Արմենպրես»-ին նշեց Բեռլին Արտ հոթելի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում