Մշակույթ

Հայկական գորգագործության մասին առաջին օտարալեզու գիրքն ապտակ է պատմության զեղծարարներին

2 րոպեի ընթերցում

Հայկական գորգագործության մասին առաջին օտարալեզու գիրքն ապտակ է պատմության զեղծարարներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորգագործությունն ազգային մշակույթի կարևոր մաս է, այն մտածողություն է, աշխարհայացք: «Մենք պետք է հետ վերադարձնենք մեր գորգերը». հենց սա էր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կայացած միջոցառման գլխավոր կարգախոսը:

Ազգային իրերով հարուստ դահլիճում տեղի ունեցավ հայկական գորգագործության մասին առաջին օտարալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Գերմանիայում, գրքի հեղինակը պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Աշխունջ Պողոսյանն է: Նրա` «Արցախի գորգագործական մշակույթը» անգլերեն գիտական աշխատությունում ներկայացված են գորգագործության բոլոր տեսակները, պատմությունը, ինչպես է առաջացել գորգագործությունը Հայաստանում, հայկական լեռնաշխարհի, որ մասերում է ավելի տարածված եղել: Գիրքը հեղինակի շուրջ 40 տարիների աշխատանքի արդյունքն է:

«Այս գիրքը իր վրա է սևեռել միջազգային հանրության ուշադրությունը: Գորգը կարծես կիսում է ժողովրդի պատմությունը: Պողոսյանն իր աշխատությունում մեր տարածաշրջանը դիտարկում է, որպես գորգագործության հնագույն կենտրոններից մեկը: Մենք պետք է միայն հպարտությամբ ընդունենք այս գիրքը, քանզի այն առաջին օտարալեզու աշխատությունն է նվիրված գորգագործությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը:

Միջոցառման հյուրերի խոսքով` թուրքական, ադրբեջանական լոբբին աշխատում է և փորձում իրենց վերագրել հայկական գորգերի դարավոր պատմությունը: Այս տարի կայանալու է գորգագործությանը նվիրված համահայկական գիտաժողով, որը երկրորդն է 2011թ. ի վեր:

«Այս գիրքը պատասխան է` ընդդեմ ադրբեջանական, թուրքական հոխորտանքների, սակայն միայն մեկ մարդը չի կարող լուծել այս կարևոր հարցը, սա պետք է լուծվի պետական մակարդակով: Օտարները փորձում են իրենց վերագրել մեր մշակույթի կարևոր մասը կազմող գորգագործությունը, սակայն մենք չպետք է դա թույլ տանք»,- ասաց գրքի հեղինակը` Աշխունջ Պողոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում