Մշակույթ

Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար

4 րոպեի ընթերցում

Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում տեղի ունեցավ Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսի բացումը։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ցուցադրությունում ներկայացված են այնպիսի եզակի նմուշներ ինչպիսիք են Արտաշես արքայի սահմանաքարը, բազմաթիվ զարդեր և արձանիկներ՝  գտածոներ, որոնք կարող են զարդարել ցանկացած թանգարանի ցուցադրություն։ 

Բենիամիանի հնավայրը  (մ․թ․ա V-մ․թ․ա IVդդ․) հայտնաբերվել է 1989 թվականին։ Հնագիտական պեղումները սկսվել են հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից և որոշակի ընդմիջումներով շարունակվում են մինչև օրս։ Շուրջ  քսան տարի տևած հնագիտական պեղումները տվել են բացառիկ արդյունքներ Հայաստանի և  ողջ տարածաշրջանի աքեմենյան և անտիկ ժամանակաշրջանների նկարագրության մասին։

Բենիամինի աքեմենյան պալատը և սյունազարդ անտիկ դահլիճը հեթանոսական Հայաստանի բացառիկ նմուշներից են։ Հատկանշական է, որ աքեմենյան սյունազարդ դահլիճը վստահաբար խոսում է Բենյամինի հզոր դերակատարության մասին հյուսիսարևելյան Հայաստանում՝ ունեցել է վարչական կենտրոնի դեր հզոր աքեմենյան կայսրությունում։ 

«Որոշակի դադարից հետո բացառիկ նշանակության Բենիամինի հնավայրում պեղումները վերսկսել ենք 2022 թվականին՝  Լիոնի համալսարանի հետ համատեղ։ Հնագիտական  ու գիտական առումով Բենիամինը ոչ միայն  Հաստանում, այլև տարածաշրջանում բացառիկ նշանակություն ունի և իզուր չէ, որ և՛ հայ, և՛ ֆրանսիացի հնագետների կողմից անվանվել է «դրասխանակերտ» և նույնացվել է վարչական կենտրոնի, և մենք՝ մի քիչ գեղարվեստորեն,  այն անվանում ենք մայրաքաղաք, քանի որ այն համընկնում է հայաստանյան պետականության հիմնադրման աքեմենյան շրջանի հետ։ Որպես ադմինիստրատիվ կենտրոն Բենիամինը բացառիկ  հնավայրերից է, ինչի մասին խոսում են և՛ հազվագյուտ գտածոները, և՛ պալատական համալիրները, ինչպես նաև Արտաշես արքայի սահմանաքարը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց արշավախմբի ղեկավար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ  Լևոն Աղիկյանը՝ հավելելով, որ մոտ ինը հարյուր տարի Բենիամինը Շիրակում ուներ ուրույն դեր և Շիրակի կարևորագույն կենտրոնն  էր։ 

Տարիներ շարունակ, չունենալով շենքային նորմալ պայմաններ ցուցադրություններ կազմակերպելու  համար՝ Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող 25 հազարից ավելի ցուցանմուշներ, այդ թվում  նաև Բենիամինի հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից բացահատված, մնում են պահոցներում՝  չցուցադրվելով։  Մինչ այս ցուցադրությունը Բենիամինի վերջին ամբողջական ցուցադրությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում՝  2007-2008 թվականներին։ Մի քանի անգամ որոշ  նմուշներ Բենիամինից եղել են Հայաստանի Պատմության թանգարանում։ «Այս առումով, սա եզակի ցուցադրություն է, չնայած որ սա Բենիամինի ամբողջական նյութը չէ՝  հսկայական նյութ կա պահոցներում՝  սա փոքր մասն է՝  փոքր սենյակում ցուցադրված, բայց հույս ունենանք, որ ապագայում, կունենանք ցուցադրություն ողջ Շիրակի երկրագիտական թանգարանի համար»,- նշեց Լևոն Աղիկյանը։

«Մոտ չորս տարվա ընթացքում ես կարողացա տեսնել հնագիտության ոլորոտում հայ-ֆրանսիական համագործակցությունը, ինչը գնալով զարգանում է։ Հիմա մենք տարբեր նախագծեր ունենք, այդ թվում՝ Բենիամինի  արշավախումբը, ինչը անչափ կարևոր է»,-ողջունելով ներկաներին՝ ցուցադրության բացման  ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն։ 

Ցուցադրությունը կգործի երկու շաբաթ։

Արմենուհի Մխոյան

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում