Սեպտեմբերի 1-ին Գյումրիում գրենական պիտույք ստացավ 66 անապահով ընտանիք
ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ գյումրեցի անապահով ընտանիքների հոգսը թեթևացնելու նպատակով բարեգործական ծրագրով կրկին հանդես եկան երիտասարդները: Այս տարի ևս, ինչպես անցած տարի, «Սբ Աստվածածին Յոթ Վերք» երիտասարդաց միությունը« ԱՌՏ երիտասարդական բնապահպանական ու խորհրդատվական ՀԿ-ն« Շիրակի Թեմի Սբ Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատը» և թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը համատեղ իրականացրեցին գրենական պիտույքների հավաքագրման ակցիա՝ Գյումրու մի շարք վաճառատների դիմաց: Օգոստոսի 27-30-ը ցանկացած քաղաքացի կարող էր մասնակցել «Սեպտեմբերի 1-ը տոն բոլոր երեխաների համար» ակցիային: Քաղաքի գրքի և գրենական պիտույքների 4 վաճառատերի դիմաց այդ նպատակով տեղադրվել էին արկղեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի համապատասխանատու, Սբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու Երիտասարդաց միության խորհրդի անդամ Ռոզա Աղայանը, ակցիայի շրջանակներում հնարավոր դարձավ հավաքել 66 պարկ գրենական պիտույք, որը սեպտեմբերի 1-ին բաշխվեց սոցիալապես անապահով 66 ընտանիքի: Ի դեպ, սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը տրամադրել էր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում