Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Մշակույթի նախարարությունը կաշխատի լուծել Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի հատակագծման խնդիրը


ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը մինչև տարեվերջ կաշխատի լուծել Հովհաննես Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործու­թյան կենտրոնի մասնաճյուղ Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանի հատակագծային նախագծման խնդիրը՝ այն վերանորոգելու նպատակով: «Արմնեպրես»-ի փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին այս մասին հայտնեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Մտահոգիչ էր Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործու­թյան կենտրոնի մասնաճյուղի վիճակը, որտեղ անհրաժեշտ է շենքի ընդհանուր վերականգնման աշխատանքներ իրականացնել: Առաջին հերթին, պետք է կազմել թանգարանի նախագիծը, առանց որի որևէ ներդրումային ծրագիր հնարավոր չէ իրականացնել: Ինչպես նաև պետք է հստակեցնել թանգարանի հայեցակարգը: Այս քաղաքը կարող է առաջատար դեր ունենալ կիրառական արվեստի ձևերում»,- նշեց նախարարը:

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանն ստեղծվել է 1979թ. բանահավաք և գեղանկարիչ  Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ։

Թանգարանի շենքը քաղաքի հնագույն շինություններից է` կառուցված 18-րդ դարավերջին: Տունը պատկանել է իշխանուհի Մարիամ Թումանյանին և ծառայել որպես ամառանոց: Թումանյանն Արցախի մելիքների շառավիղ, շուշեցի ազնվական Մարկոս Դոլուխանյանի դուստրն է: Նա 1890-ական թթ. համիդյան կոտորածներից փրկված  գաղթականների համար Դիլիջանում սեփական միջոցներով գորգագործական ֆաբրիկա է բացել, 1919-1920թթ.` որբանոց և արհեստանոցներ: Խորհրդային իշխանության տարիներին Սամսոն Հարությունյանը և Մարիամ Թումանյանը Դիլիջանում գտնվող իրենց ամառանոցը նվիրել են պետությանը:

Սյունազարդ, փայտանախշ պատշգամբով ամառանոցի  շենքում հյուրընկալվել են Հովհ. Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ֆրիտյոֆ Նանսենը, դերասանուհիներ Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, բանասեր Սերգեյ Վարդանյանը, անվանի գեղա­նկարիչներ, երաժիշտներ:

Տան վերջին բնակիչը Հովհ. Շարամբեյանն էր, որն էլ շենքը վերածել է ժողովրդական արվեստի թանգարանի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ