Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը պահանջում է «Արմեն ճամբարը» վերադարձնել հայերին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը պահանջում է «Արմեն ճամբարը» վերադարձնել 
հայերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանն իր վրդովմունքն է արտահայտել Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» -ի տարածքի նկատմամբ հսկողություն սահմանած երիտասարդների վրա անհայտ անձանց կողմից իրականացված հարձակման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, Դողանն ընդգծել է, որ հայկական որբանոցի պահպանման համար տարվող դիմադրության խորհրդանշական` 100-րդ օրն իրականացված հարձակումն ի ցույց է դնում դրա խորքային պատճառները:

Քեմալական կուսակցության հայ պատգամավորը նշել է, որ «Արմեն ճամբարը», չնայած խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տված խոստմանը, չի վերադարձվում իրական տերերին: Դողանը հայտարարել է, որ քանի դեռ հարձակման իրական մեղավորները չեն հայտնաբերվել, դրանց պատասխանատուն մնում է իշխանությունը:

«Որբ հայ երեխաների, այդ թվում և Հրանտ Դինքի կողմից կառուցված և հասարակության շրջանում այդքան կարևոր տեղ զբաղեցնող «Արմեն ճամբար»-ն անհապաղ պետք է վերադարձվի իր տերերին»,- նշել է Դողանը` հավելելով, որ հայկական որբանոցը դարձել է խորհրդանիշ ոչ միայն հայերի, այլև ժողովրդավարական արժեքների համար պայքարող ուժերի համար:

Օգոստոսի 13-ի գիշերը` 23.30-ին անհայտ անձինք երկու մեքենաներով եկել են որբանոցի տարածք և «Քամփ Արմեն»-ում հերթապահող երկու անձի ծեծի են ենթարկել: «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամները վստահեցրել են, որ ցեղասպանական գիտակցության ապացույցը հանդիսացող այս հարձակումը չի կոտրի իրենց դիմադրությունը: «Հայտնում ենք հասարակությանը, որ «Արմեն ճամբարի» դիմադրությունը նույն վճռականությամբ շարունակելու ենք: Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր բոլոր ընկերներին աջակցել « Արմեն ճամբարի» դիմադրությանը»,- նշել են նրանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am