Մշակույթ

Երևանյան միջազգային կիթառի փառատոնի ընթացքում Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր գործ կհնչի

2 րոպեի ընթերցում

Երևանյան միջազգային կիթառի փառատոնի ընթացքում Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր գործ կհնչի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դասական կիթառի արվեստը միջազգային մակարդակի բարձրացնելու նպատակով կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի փառատոն: Հուլիսի 6-24-ն անցկացվելիք իրադարձության կազմակերպիչներն են Երևանի կիթառահարների և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնից, այն հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին:

Հայ երիտասարդ կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել և դասեր վերցնել այսօրվա առաջադեմ և միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորներից: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր: Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր` Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր՝ Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ): Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա կամերային երաժշտության տանը՝ հուլիսի 6-ին: Իրադարձության բացմանը ելույթ կունենա Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա):

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային և հայկական պրեմիերաներ, այդ թվում` Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» (Ձայներ անցյալից) կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում