Նյու Յորքում աճուրդի կհանվեն Էլվիս Փրեսլիի բեմական հագուստները
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Heritage աճուրդի տունը ապրիլի 26-27-ին ռետրո երաժշտության սիրահարների համար անակնկալ է նախապատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Heritage-ի նյույորքյան սրահում տեղի կունենա Էլվիս Փրեսլիի եւ Ջիմի Հենդրիքսի բեմական հագուստների ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսին կներկայացվեն Էլվիսի բեմական այն հագուստները, որոնք նա 1956թ. կրել է Լաս Վեգասի «Ֆրոնտիր» հյուրանոցում: Fantastic international ֆիրմայի բալագույն երկար վերարկուն աճուրդի սրահում հույս ունեն վաճառել 15 հազար դոլարով: Փրեսլին շատ էր սիրում այդ վերարկուն եւ կրում բացառապես հատուկ միջոցառումների կամ հանդիպումների ժամանակ:
Աճուրդի կհանվեն նաեւ մեկ այլ ռոք-հեղափոխական Ջիմի Հենդրիքսի հագուստներից: Գույնզգույն ծաղիկներով սեւ պիջակը Heritage-ում հույս ունեն վաճառել 20 հազար դոլարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում