Քաղաքականություն

Հայաստանի հետ հարաբերություններն այս փուլում Եվրամիության համար առավել կարևոր են դարձել. Տրայան Հրիսթեա

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հետ հարաբերություններն այս փուլում Եվրամիության համար առավել կարևոր են դարձել. Տրայան Հրիսթեա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումը Եվրոպական միության առջև համագործակցության նոր ձևաչափի անհրաժեշտություն է դնում:

Այս մասին հոկտեմբերի 22-ին նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գրասենյակի` Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման 2013 թվականի ինդեքսի ներկայացման ժամանակ:

Նա նշեց, որ Հայաստանի հետ հարաբերություններն այս փուլում Եվրամիության համար առավել կարևոր են դարձել: «Իհարկե, Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը համապատասխան հետևանքներ է առաջացրել, որոնք միտված են մեր երկկողմ հարաբերությունների շրջանակների վերափոխմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Հրիսթեան:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով` պետք է գնահատել բոլոր այն ռեսուրսները, որոնք տրամադրել է Եվրամիությունը համագործակցությունը զարգացնելու համար: «Այսօր իսկապես անհրաժեշտ է վերանայել, ուսումնասիրել պլանավորված բոլոր ծրագրերը Հայաստանի համար: Եվ մասնավորապես այն ծրագրերը, որոնք վերաբերում են Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծմանը»,- պարզաբանեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Նա նշեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում տնտեսական համագործակցությունն առավել կսերտանա, իսկ չստորագրման դեպքում Եվրամիությունը կշարունակի տրամադրել իր աջակցությունը քաղաքացիական հասարակության խնդիրներով զբաղվող կազմակերպություններին: «Մենք փորձում ենք գտնել ճանապարհներ` շարունակելու Հայաստանի հետ ձեռք բերված հաջողությունները»,- ասաց նա` վստահեցնելով, որ առաջիկայում կստեղծվեն հիմքեր ապագա գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար: Դիվանագետը շեշտեց, որ ԵՄ-ն հանձն է առել ունենալ հզոր համագործակցություն Հայաստանի հետ:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ներկայացրած Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքսի 2013 թվականի արդյունքների համաձայն` Հայաստանը գրավել է չորրորդ տեղը: Եվրոպական երկրների ինդքեսի առաջին հորիզոնականում է Մոլդովան, երկրորդում` Վրաստանը, երկրորդում` Ուկրաինան: Երկրների ցանկը եզրափակում են Ադրբեջանը և Բելառուսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում