Մշակույթ

Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե կիսանդրին կարտահայտի նրա ողջ հմայքը

2 րոպեի ընթերցում

Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե կիսանդրին կարտահայտի նրա ողջ հմայքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից վաղաժամ հեռացած Ֆլորա Մարտիրոսյանի սպիտակ մարմարից կիսանդրին կկանգնեցվի նոյեմբերին` նրա մահվան տարելիցին Երեւանի քաղաքային պանթեոնում, որտեղ թաղված է երգչուհին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում արձանի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը նշեց, որ արձանի պատրաստման աշխատանքներն ավարտված են, իսկ պատվերն ինքը ստացել է երգչուհու ընտանիքից: «Արձանն արդեն պատրաստ է, սակայն այն ամենայն հավանականությամբ կբացվի նոյեմբերին: Ես շատ էի ցանկանում, որ այն ոչ թե երգչուհու գերեզմանի մոտ տեղադրվեր, այլ ավելի մարդաշատ, հանրային վայրում, ինչը, սակայն, տարակարծությունների տեղիք տվեց»,- պատմեց Թոքմաջյանը: Նրա գնահատմամբ` Ֆլորա Մարտիրոսյանի նման երգչուհուն մարմարե արձանի տեսքով մարմնավորելը պահանջել է մանրակրկիտ աշխատանք եւ համացանցի միջոցով ԱՄՆ-ում բնակվող հարազատների հետ շարունակվող համատեղ քննարկումների երկար ընթացք: Ավարտուն տարբերակում արձանն ունի 2մ 50 սմ բարձրություն:

«Ես Ֆլորային անձամբ ճանաչել եմ, շատ մտերիմ չեմ եղել, սակայն երբ լսում էի նրա երգերը անմիջապես պարզ էր դառնում, որ երգը հոգուց է գալիս»,- նշեց Թոքմաջյանը` ընդգծելով, որ ինքը փորձել է մարմարակերտ տարբերակում ներկայացնել մեծանուն երգչուհու ողջ հմայքը: Քանդակագործը հույս ունի, որ իր աշխատանքը հանրությանը անտարբեր չի թողնի:

Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 2012թ. նոյեմբերի 22-ին 55 տարեկան հասակում լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետեւանքով: Երգչուհում մահից հետո էլ տարբեր երկրներում շարունակվում են նրան նվիրված համերգների կազմակերպումը, ինչպես նաեւ արտերկրի եւ Հայաստանի արվեստագետները շահագրգիռ են նրա ղեկավարած Never again մշակութային շարժումը վերականգնելու հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում