Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության վայրի հարցով կառավարությունը սպասում է ընտանիքի որոշմանը
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի եւ թաղման արարողությունը կլինի Հայաստանում, թե ոչ` դեռեւս հստակ չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետությունն այժմ սպասում է սիրված երգչուհու ընտանիքի անդամների որոշմանը, անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմանը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի կողմից: Ընտանիքի անդամների կողմից դրական պատասխան ստանալուց հետո ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով` հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները Հայաստանում կազմակերպելու համար:
ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են:
Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիրն է, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիրը, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը: Նա ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում