Օլիմպիական խաղերի մեկնարկը կնշվի Սիրահարների այգում` ակումբային երաժշտության ներքո
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը 30-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկը կնշի Սիրահարների այգում կայանալիք համերգով` հուլիսի 27-ին` ժամը 23:00-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրիտանական դեսպանատան մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից` միջոցառումը բաց է լինելու բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը:
Սրանով սկսվում է Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի կապակցությամբ Բրիտանական դեսպանատան կողմից նախատեսված միջոցառումների երկրորդ շրջանը:
Իսկ հուլիսի 28-ին Միացյալ թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը կայցելի Երեւանի ծննդատներից մեկը եւ հատուկ Օլիմպիական նվերներ կմատուցի խաղերի բացման ժամին ծնված երեխաներին: Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը նվերներ կհանձնի Օլիմպիադայի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին:
Օգոստոսին ևս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունն իր գործընկերների հետ նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի կապակցությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում