Լոնդոնում Հայաստանի դրոշը տանելու Է Ալբերտ Ազարյանը
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն Է լինելու լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին Լոնդոնի օլիմպիական մարզադաշտում:
Ալբերտ Ազարյանը մարզական լրագրողների հարցման արդյունքում ճանաչվել Է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը: Նա առ այսօր գլխավորում Է Հայաստանի մարմնամարզության եւ ակրոբատիկայի ֆեդերացիան, ինչպես նաեւ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն Է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում