Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Սերգեյ Մինասյան. «Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ ռազմաքաղաքական հետեւանքներ կունենա»

Սերգեյ Մինասյան. «Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ ռազմաքաղաքական հետեւանքներ կունենա»

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հարցազրույց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

 

 

- Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը նոյեմբերի 1-ից 13-ը լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրեց: Ձեր կարծիքով, սրանք հերթական ուսումնական-ստուգողական վարժանքնե ՞ր էին, թե ՞ դրանց ընթացքում որոշակի մարտավարություն է փորձարկվել:

 

- Միանշանակ է, որ իրականացված զորավարժություններն ունեին ինչպես հստակ ռազմական նշանակություն` ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակության ստուգումը, այնպես էլ` քաղաքական: Սա հստակ ազդակ է պաշտոնական Բաքվին առ այն, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ ռազմաքաղաքական հետեւանքներ կունենա, եւ այդ գոտում ռազմական գործողություններ սկսող երկիրը բարձր գին կվճարի դրա համար: Այդ զորավարժություններն 1994 թվականի մայիսին ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ամենալայնածավալն էին, եւ հնարավոր է` կիրառված զինտեխնիկայի ու հրետանու քանակով գերազանցում էին 1993-94 թվականների խոշոր մարտերի ժամանակ ղարաբաղյան զորքերի կիրառած ռազմաօդային տեխնիկային: Իմ հաշվարկներով` զորավարժությունների ընթացքում ակտիվ օգտագործվել է ծանր եւ ռեակտիվ հրետանի, ռազմական զրահամեքենաներ: Կիրառվել է 350-ից ավելի միավոր թրթուրավոր զրահամեքենա, մասնավորապես` տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային միավորներ, ինչպես նաեւ ռազմական օդուժ: Փաստորեն, առաջին անգամ ԼՂՀ Պաշտպանության բանակը զորավարժություններ է անցկացրել զինվորական միավորման` դիվիզիայի, անգամ բանակային կորպուսի մակարդակով:


- Ինչպե ՞ ս կբացատրեք այն փաստը, որ զորավարժությունների ընթացքը մամուլում համեմատաբար քիչ լուսաբանվեց:

 

- Դա, հավանաբար, բացատրվում է այն հանգամանքով, որ զորավարժությունները առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, եւ դրանց ընթացքում փորձարկվել են մի շարք մարտավարական հնարքներ, որոնց կիրառումը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հավանական հակառակորդի համար պետք է անսպասելի լինի: Բացի այդ, զորավարժությունների ժամանակ արցախյան բանակն առաջին անգամ փորձարկել է սպառազինության ու զինտեխնիկայի մի շարք նոր օրինակներ, որոնցով ԼՂՀ ՊԲ-ն նոր է համալրվել, եւ դրանք, հասկանալի պատճառներով, թաքցվում են հավանական հակառակորդից:

 

- Տեղեկություններ կան, որ զորավարժությունների ժամանակ հաջողությամբ կիրառվել են անբավարար տեսանելիության պայմաններում գործողություններ իրականացնելու մարտավարական հնարքներ: Նման մարտավարությունը որքանո՞վ է էական ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության դեպքում:

 

- Դեռեւս 1992-1994թթ. ռազմական գործողությունների ընթացքում արցախյան զորքերը բազմիցս գործածել են մարտը գիշերով կամ կլիմայական բարդ պայմաններում վարելու հնարքը, ինչը հաճախ հաջող գործողությունների գրավական է դարձել: Մութ պայմաններում ռազմական գործողություններ վարելու մեթոդների մշակումը` հատկապես նման խոշոր զորախմբերի ու ստորաբաժանումների մասնակցությամբ, վկայում է արցախյան զորքերի զրահատեխնիկայի խորը արդիականացման մասին, որը հնարավորություն է տալիս մարտը հաջողությամբ վարել մթության ու սահմանափակ տեսանելիության պայմաններում, նաեւ ցույց է տալիս հայ զինծառայողների բավարար մարտավարական գիտելիքներն ու պատրաստականությունը:

 

- Այս զորավարժությունների ընթացքում կիրառված նորամուծություններից մեկը ականազերծող մեքենաներն էին: Հայտնի է, որ նման տեխնիկա օգտագործվում է հարձակողական գործողությունների ժամանակ: Սա տեղավորվո՞ւմ է ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջադրանքների շրջանակներում:

 

- Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ղարաբաղյան կողմը մտադիր չէ առաջինը սկսել հարձակողական գործողություններ, քանի որ քաղաքական բնույթի բոլոր հարցերը ԼՂՀ ՊԲ-ն լուծել է դեռևս 1992-1994թթ. պատերազմի ընթացքում: Ռազմական տեսանկյունից` արցախյան բանակը հավանական հակառակորդի դեմ սկզբնական փուլում ակտիվ հարձակողական գործողություններ ծավալելու մտադրություն եւս չունի: Հրադադարի տարիներին շփման ողջ երկայնքով ղարաբաղյան կողմը կազմակերպել է խորը էշելոնավորված եւ լավ ամրապնդված պաշտպանական գիծ` համալրված մեծ քանակությամբ հակատանկային միջոցներով ու հրետանիով:

Այն ճեղքելու համար հավանական հակառակորդից պահանջվում է կենդանի ուժի ու զրահատեխնիկայի մեծ կորուստներ, ինչը էականորեն նվազեցնում է առաջին հարվածի էֆեկտը` միաժամանակ ղարաբաղյան զորքերին հնարավորություն տալով նախապատրաստվել հակահարվածային գործողությունների: Ամրապնդված պաշտպանական գիծը, որի պատրաստման վրա հայկական կողմերը լուրջ նյութական միջոցներ են ծախսել, պետք է առավելագույնս «աշխատի» եւ իր դերը կատարի: Համապատասխանաբար, ռազմական տեսանկյունից, ղարաբաղյան զորքերին ձեռնտու է պաշտպանական մարտերում արյունաքամ անել հակառակորդին, նրանց նշանակալից կորուստներ պատճառել ու դրանից հետո անցնել վճռական հակահարվածի: Ձեր մատնանշած ռազմաինժեներական տեխնիկայի կիրառումը միայն փաստում է հավանական ռազմական գործողությունների երկրորդ փուլում ծանր մարտերից թուլացած հակառակորդին հակահարված տալու հարցում ղարաբաղյան զորքերի պատրաստականությունը:

 

- Հայտնի է, որ զորավարժություններն անցկացվել են Ասկերանի Ակն թաղամասի հարեւանությամբ գտնվող զորավարժարանում, ինչն ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից: Բնականաբար, ադրբեջանական կողմը չէր կարող չնկատել այդ զորավարժությունների մասշտաբը: Ի՞նչ եք կարծում, նման զորավարժությունները միայն ռազմակա՞ն խնդիրներ են լուծում:

 

- Ակնհայտ է, որ բացի զուտ ռազմական բաղադրիչից, շփման գծի հարեւանությամբ մարտական կրակոցներով ու մեծ քանակությամբ զրահատեխնիկայի ու ավիացիայի կիրառությամբ ցանկացած զորավարժություն նպատակ ունի նաեւ որոշակի հոգեբանական ճնշում գործադրել հավանական հակառակորդի վրա: Պետք է նկատել, որ անցած զորավարժությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արձագանքը բավական ուշագրավ էր, իսկ առանձին դեպքերում` ծիծաղելի: Ադրբեջանական զինվորական գերատեսչության մամլո խոսնակ Է Սաբիրօղլուն մասնավորապես, հայտարարել է, թե ղարաբաղյան զորքերը զորավարժություններ են անցկացրել 5-6 տանկերի ու 1-2 այլ զրահամեքենաների կիրառությամբ: Սա այն դեպքում, երբ նույն ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` արկերի պայթյունների ձայները լսվել են շփման գծից այն կողմ գտնվող բնակավայրերում, իսկ հրետանային արկերի պայթյուններն ադրբեջանական բնակավայրերում ցնցումներ են առաջացրել:

Եթե ադրբեջանական պաշտպանության նախարարությունում արցախյան բանակի 350 տանկերի ու այլ ռազմական թրթուրավոր մեքենաների կիրառությամբ լայնամասշտաբ զորավարժությունները գնահատում են որպես «5-6 միավոր» զինտեխնիկայի առկայություն, ապա դա ինքնին արդեն ուշագրավ է: Ինձ թվում է, որ խնդիրն Ադրբեջանի պաշտպանության նախարարության աշխատակիցների հանրահաշվական գիտելիքները չեն: Ռազմական գործողությունները սկսելու մասին ամպագոռգոռ ու անընդհատ հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի ղեկավարությունն այնպիսի եռանդով է ինքն իրեն համոզել, թե իբր սպառազինությունների ու զինտեխնիկայի առավելություն ունի, որ կարծես կորցրել է իրականության զգացումը: Բոլոր դեպքերում, հակամարտության գոտում ռազմական հավասարակշռության Ադրբեջանի ընկալումների նման դինամիկան ինքնին արդեն լավատեսության հիմք է: Հակառակորդին թերագնահատելն ու չափազանց ինքնավստահությունը մեկ անգամ արդեն Ադրբեջանի հետ չար կատակ արել են. խոսքը 1992-1994թթ պատերազմի մասին է:

 

- Դուք շոշափեցիք ռազմատենչ հայտարարությունների թեման: Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ Ձեր գնահատականը` ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունների ու արդյունքների մասին:

 

- Պատերազմը չափազանց լուրջ բան է, որպեսզի դրան անլուրջ վերաբերվես: Եվ չնայած Ադրբեջանից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններին, այնտեղ, բնականաբար, կան մարդիկ, ովքեր սթափ են գնահատում թե հակամարտության գոտում ռազմական հավասարակշռությունը, թե ռազմական գործողություններ հրահրելու դեպքում արտաքին դերակատարների ու ազդեցիկ տերությունների հնարավոր արձագանքը, ինչպես նաեւ` իրենց սանձազերծած պատերազմի հետեւանքները: Չէ ՞ որ ռազմական գործողություններ սկսելու եւ կարճ ժամանակահատվածում չհաղթելու դեպքում Ադրբեջանը ոչ միայն կկորցնի Ղարաբաղը երբեւէ վերադարձնելու հույսը, այլեւ կզրկվի հարակից ավելի շատ տարածքներից: Դա նաեւ կլինի Ի. Ալիեւի ներկայիս վարչակարգի վերջը, քանի որ անհաջող ռազմական գործողությունների ու մարդկային, նյութական մեծ կորուստների դեպքում կկիսի Ադրբեջանի նախկին բոլոր ղեկավարների ճակատագիրը, ովքեր իրենց պաշտոնները կորցրել են Ղարաբաղում կրած պարտությունների արդյունքում: Ռազմական որեւէ լուրջ փորձագետ Ադրբեջանի համար արագ ու անարյուն հաղթանակ չի կանխատեսում: Բաքվի մոտ կայծակնային պատերազմ չի ստացվելու բոլոր դեպքերում, ավելի շուտ` տեղի կունենա հակառակը: Հենց այդ պատճառով էլ ռազմական գործողությունները չեն սկսվում, և մոտ ապագայում, կարծում եմ, չեն էլ սկսվի, եթե, իհարկե, Ադրբեջանում չկորցնեն իրականության զգացումն ու չդիմեն ինքնասպան քայլի:

 

- Իր վերջին հոդվածներից մեկում Վլադիմիր Կազիմիրովն անդրադարձել է 1994 թվականին հրադադարի հաստատման համաձայնագրի ստորագրմանը` նշելով, որ արցախահայերից հրադադար խնդրել է հենց Հեյդար Ալիեւը: Հոդվածում Վ. Կազիմիրովը նաեւ ընդգծել է, որ 1994 թվականի ապրիլ-մայիսին Բաքուն միայն մտածում էր այն մասին, թե ինչպես կանգնեցնի հայերի առաջընթացը դեպի Քուռ գետ: Եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծի, ԼՂՀ ՊԲ-ն կաշկանդված կլինի ՞ այդ գործողություններն իրականացնելու հարցում:

 

- Եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ, ապա արցախյան զորքերը ոչ միայն կաշկանդված չեն լինի որեւէ հարձակողական, ավելի ճիշտ` հակահարվածային գործողություն ձեռնարկել, այլեւ զանգվածային հրթիռային ու հրետանային հարվածներ հասցնել Ադրբեջանի կարեւորագույն արդյունաբերական, հաղորդակցական ու այլ կենսական նշանակության օբյեկտներին: Եվ հենց այդ հակաարժեքային հարվածների հնարավորության գիտակցումն է, որ Ադրբեջանին ստիպում է խուսափել նոր ռազմական գործողությունների ծավալումից: Այն առկա ռազմատեխնիկական հավասարակշռությունից ոչ պակաս զսպող էֆեկտ ունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am