Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Կայացավ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի երրորդ նիստը

Կայացավ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի երրորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խումբը բազմաֆունկցիոնալ եւ արդյունավետ գործունեություն է իրականացրել: Նման դիտարկում արեց եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի երրորդ նիստում: Նրա տեղեկացմամբ, աջակցություն է ցուցաբերվել հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կառավարության մշակած հակակոռուպցիոն ռազմավարության գործին: Ա. Բաղդասարյանը կարեւոր համարեց ՀՀ-ում դիվանագիտական ակադեմիայի հիմնադրումը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների հզորացումը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումը: «Մի շարք բարեփոխումներ են իրականցվել նաեւ այլ ուղղություններով, հատկապես մաքսային համակարգում: Առաջիկայում մենք կունենանք մաքսային համակարգի բարեփոխումների ծրագիրը եվրոպական չափանիշներին համապատասխան, որը, կարծում եմ, հնարավորություն կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ մեր երկրում վերացնել ավելորդ թղթատարությունը` առավել ամբողջական դարձնելով էլեկտրոնային հաղորդկացության համակարգը»,-ասաց Ա. Բաղդասարյանը: Նա կարեւորեց նաեւ տնտեսության ոլորտում խորհրդատվական խմբի ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես` գյուղատնտեսական մթերքների` Եվրոպական միության շուկաներ արտահանելու գործում: Նախատեսվում է առաջիկայում լրացուցիչ փորձագետներ ընդգրկել կրթական եւ արտակարգ իրավիճակների համակարգերում: Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը շոշափելի արդյունքներից նշեց դիվանագիտական ակադեմիայի ստեղծումը: Ըստ նրա` ԵՄ-ը եւ Հայաստանն ունեն հավակնոտ օրակարգ: Նախատեսվում է կնքել ասոցացման համաձայնագիր: «Շատ կարեւոր է խորհրդատվական խմբի միջոցով անհրաժեշտ օժանդակություն ստանալը, որպեսզի իրականացվեն նախապատրաստական աշխատանքներ այդ համաձայնագրի կնքման համար»,-ասաց Ռ. Լուցենբերգերը: Նա կարեւորեց նաեւ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները` նշելով, որ դրանք շարունակվում են: Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան նշեց, որ կատարված աշխատանքները հնարավորություն կտան զարգացնել տեղացի մասնագետների կարողությունները, գիտելիքների ու փորձի փոխանակում իրականացնել երկարաժամկետ հատվածում: Վերջին 10 տարիներին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նման նախաձեռնություններով հանդես է եկել Արեւմտյան Բալկաններում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Կոսովոյում, որոնց նպատակն է եղել ապահովել տեղական կարողությունների հզորացումը պետության ներսում: «Նախաձեռնության հիմնական առանցքը պետական կառույցներին օժանդակելն է, որպեսզի ավելի հզորանան, առավել արդյունավետ եւ ճիշտ գործեն ազգային ստանդարտները եվրոպականին մոտեցնելու աշխատանքում»,-ասաց նա: Դ. Գերչեւայի խոսքով, պետական կառույցների զարգացումը նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 2010-2015թթ-ի ծրագրի առանցքն է: Այս նոր ծրագրով նախատեսվում է շարունակել աջակցել կառավարության` աղքատության կրճատմանն ուղղված ջանքերին, ճգնաժամի հաղթահարման գործընթացին, նպաստել ժողովրդավարության եւ հանրային կառույցների ամրացմանն ու հզորացմանը, օժանդակել քաղաքացիական հասարակության էլ ավելի հզորացմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը շնորհակալություն հայտնեց խորհրդատվական խմբին` աջակցություն ցուցաբերելու համար եւ նրանց հետ հարաբերությունները համարեց կայացած: «ԵՄ-ի հետ ծրագրերի իրականացման օրակարգը, կարծում եմ, մեկ բառով կարելի է ներկայացնել, դա ասոցացման պայմանագիրն է, որը ռեալ հնարավորություն է տալիս կոնկրեըտ քայլեր իրականացնել եւ արագացնել բարեփոխումները»,-ասաց նա: Ն. Երիցյանը կարեւորեց համապարփակ ազատ առետրի համաձայնագիրը, որը պահանջում է եւ կառուցվածքային փոփոխություններ եւ բարեփոխումներ տնտեսության բոլոր բնագավառներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am