Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Վեդանտ Պատել

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 
խաղաղությունը հնարավոր է․ Վեդանտ Պատել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական  բանակցություններում և  շարունակում է հավատալ, որ կողմերի միջև խաղաղությունը հնարավոր է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանցի լրագրողի՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների վերաբերյալ հարցին։

«Ես պարզապես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է»,- ասել է Պատելը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին։

Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

Այցի ընթացքում նախարարներն առանձին և եռակողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am