Բայդենը մասնակիորեն հանել է ՌԴ-ի տարածքին հարվածելու համար ամերիկյան զենքերն օգտագործելու արգելքը. Associated Press
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային թույլատրել է ամերիկյան զենքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար՝ միայն Խարկովը պաշտպանելու նպատակով, հայտնել են իրավիճակին ծանոթ ԱՄՆ չորս պաշտոնյաներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ չբացահայտելով իր աղբյուրների անունները։
Ըստ պաշտոնյաների՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը, որով Ուկրաինային կոչ է արվում Վաշինգտոնի կողմից մատակարարված ATACMS հեռահար հրթիռները կամ այլ զինամթերքը չօգտագործել Ռուսաստանի տարածքին հարձակողական հարվածներ հասցնելու համար, չի փոխվել։
Բայդենի կարգադրությունն, ըստ աղբյուրներից մեկի, թույլ է տալիս, որ ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերն օգտագործվեն «հակահարձակման նպատակով Խարկովի շրջանում, որպեսզի Ուկրաինան կարող է հակահարված հասցնել ռուսական ուժերին, որոնք հարձակվում են կամ պատրաստվում են հարձակվել իրենց վրա»։
Վերջին շաբաթներին Արևմտյան երկրներն ակտիվորեն քննարկում են այն, որ Ուկրաինային պետք է թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն ունի արևմտյան զենքով հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին, քանի որ որոշ երկրներ երբեք Կիևին չեն արգելել դա անել։