Մշակույթ

Շառլ Ազնավուրի «Լոտրեկ» մյուզիքլը Երևանի օպերային թատրոնի բեմից ներկայացրեց յուրահատուկ նկարչի հետաքրքիր կյանքի պատմությունը

8 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի «Լոտրեկ» մյուզիքլը Երևանի օպերային թատրոնի բեմից ներկայացրեց յուրահատուկ նկարչի հետաքրքիր կյանքի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատերը Շառլ Ազնավուրին ճանաչում են որպես մեծանուն շանսոնյեի, հազարից ավելի սիրված երգերի հեղինակի, փայլուն կատարողի և անկրկնելի արտիստի, սակայն քչերը գիտեն, որ Ազնավուրը նաև մյուզիքլներ է գրել: Այս փաստը բացահայտեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ շանսոնյեի 100-ամյակի առթիվ մայիսի 24-ին ներկայացնելով նրա գունեղ ու տպավորիչ «Լոտրեկ» մյուզիքլը:

Ազնավուրյան յուրահատուկ երաժշտությամբ, բեմադրական գեղեցիկ լուծումներով, վառ դերասանական խաղով, գունագեղ ու պայծառ զգեստներով մյուզիքլը պատմում է 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի Տուլուզ Լոտրեկի մասին, նկարչի, որն ապրել է հարուստ, հետաքրքիր, բայցև տխուր և դրամատիկ կյանքով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մյուզիքլի բեմադրող ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը նկատեց՝ իր սերունդը մեծացել է Ազնավուրի երգերով: Մելիքսեթյանի համար ևս հայտնություն է եղել, որ Ազնավուրը կոմպոզիտոր, ռեժիսոր, դերասան, անգամ բանաստեղծ լինելուց բացի նաև մյուզիքլների հեղինակ է:

GEV_0397.jpg (591 KB)

«Այդ մասին իմացա Նիս քաղաքում, որտեղ տարիներ առաջ բեմադրություն պետք է անեի: Դա ինձ համար զարմանալի էր: Այդ ժամանակից առիթ էի փնտրում, որ Ազնավուրը թույլ տա բեմադրել այն: Կային պրոդյուսերներ, հեղինակային իրավունքի խնդիր և այլն, պարզ էր, որ հարկավոր է բավականին մեծ շրջապատ ունենալ համաձայնության հասնելու համար, պատասխանել մի շարք հարցերի՝ ի՞նչ նվագախումբ է լինելու, ո՞ր թատրոնում է բեմադրվելու, որքա՞ն գումար է ներդրվելու և այլն: Այդ հարցերին ոչ ոք չէր կարող պատասխանել: Եկավ ժամանակը և օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ որոշեցինք այն բեմադրել այստեղ»,-պատմեց Արմեն Մելիքսեթյանը:

Օպերային թատրոնում մյուզիքլ բեմադրելու համար հարկավոր է գտնել դերասանների, որոնք կարող են և՛ երգել, և՛ խոսել, և՛ պարել, ինչը մեծ փորձություն է եղել թե՛ ռեժիսորի, թե՛ դերասանների համար, սակայն իրենց վրա վերցրել են այդ պատասխանատվությունն ու կայացրել ներկայացումը:

«Կարծում եմ՝ այդ փորձությունը հաղթահարել ենք: Ցանկացած նախագծի հիմքում, լինի կինո, թատրոն, թե այլ բան՝ ավանտյուրա կա, այսինքն՝ դեռ ոչինչ հայտնի չէ՝ դերասանների ընկալումը, խաղը և այլն, բայց դու գնում ես այդ ավանտյուրային՝ հույսով, որ կհաջողես: Ինձ համար այս ներկայացումը Շառլի հետ բարեկամանալն է, մտերմանալը, ընկերանալը: Մենք մինչ օրս Դուք-ով ենք «հաղորդակցվում», բայց այս բեմադրությունից հետո կարծում եմ՝ դու-ով «կխոսենք»»,-ասաց ռեժիսորը:

Մյուզիքլը բաղկացած է Ազնավուրի տարբեր երգերից, որոնցից քչերն է նա կատարել: Եթե անգամ չիմանաս, թե ով է հեղինակը, երաժշտությունը լսելով՝ միանգամից պարզ կլինի, որ Ազնավուրի գործերն են: Ինչպես ասում է ռեժիսորը՝ Շառլի մտքերն են, նրա մտածելակերպն է, նրա հոգեվիճակն է, խնդիրները, որոնք միշտ բարձրացրել է:

Մյուզիքլի գլխավոր հերոսը՝ Անրի Տուլուզ Լոտրեկը, ի ծնե տկար է եղել և ոտքերի հետ կապված խնդիրներ է ունեցել, փոքրամարմին է եղել, և կանայք նրան անտեսել են: Նա սկսել է նկարել Մուլեն Ռուժում և սիրահարվել մի անբարո կնոջ, որը Լոտրեկին իսկապես սիրել է:

Ներկայացման ռեժիսորը չի ցանկացել շատ խոսել ստեղծագործության մեջ ընդգծված սոցիալական հարցերի մասին, նախընտրել է հանդիսատեսի առաջ բացել Լոտրեկ նկարչի աշխարհը: Էկրանին նրա կտավներն են, որոնցում արտացոլվում է նկարչի հանճարեղությունը:

Լոտրեկի դերը կերտել է օպերային երգիչ Գրիգոր Աբրահամյանը, որի խաղին հետևելով՝ հավատում ես նկարչի դրամային: Նա առաջին անգամ չէ խաղում մյուզիքլում: Արտիստին հնարավոր է տեսնել նաև Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա»-ում, որում խոսք շատ կա:

GEV_0403.jpg (574 KB)

«Այս մյուզիքլը հանդիսատեսին կտեղափոխի 20-րդ դարասկզբի Փարիզ՝ Մոնմարտր, ճոխ կյանք: Սա Լոտրեկի կյանքի ու ստեղծագործական ուղու, դժբախտությունների, սիրո, բաժանման ու վախճանի մասին է: Նա բավականին գունագեղ ու գունավոր պատմություն է ունեցել, ինչպես իր նկարներն են»,-նշեց Գրիգոր Աբրահամյանը:

Լոտրեկի կերպարը խորությամբ կերտելու համար դերասանն ուսումնասիրել է նրա կյանքը, ստեղծագործությունները, դիտել է նրա, Մուլեն Ռուժի մասին ֆիլմերը, կարդացել մի շարք գրքեր: Օպերային երգիչը Լոտրեկ ներկայացնելը բարդ է համարում, քանի որ այն համեմված է տարբեր կերպարային առանձնահատկություններով:

«Պետք է լինել և՛ արիստոկրատ, և՛ հարբեցող, և՛ խելագարված, և՛ սիրահարված, և՛ կոնֆլիկտային և այլն: Սա հետաքրքիր կյանքի ճանապարհ է, որով, հավանաբար, շատերն են անցնում: Այս ամենը խտացված է երկու ժամվա մեջ, և այդ ժամանակահատվածում նման փոխակերպումների ենթարկվելը բավականին դժվար է: Ամենաբարդը նրա քայլվածքը ստանալն էր, քանի որ Լոտրեկը հաշմանդամություն ուներ: Շատ եմ աշխատել»,- խոստովանեց դերասանը:

Ներկայացման մեջ երաժշտական բոլոր հատվածները ֆրանսերեն են, միայն խոսքային մասերն են հայերեն թարգմանել՝ բովանդակությունը դյուրին դարձնելու համար: Դերասանները խոստովանում են, որ դժվար է եղել ֆրանսերեն տեքստերը կարճ ժամանակամիջոցում սերտելը, բայց նրանց այդ հարցում օգնության է հասել օպերային երգիչ, ֆրանսերենի մասնագետ Մկրտիչ Մկրտչյանը, որը հատուկ ներկայացման համար է Ֆրանսիայից Երևան եկել:

GEV_0412.jpg (771 KB)

«Շատ հաճելի էր աշխատել երիտասարդ երգիչների հետ, որոնք հրաշալի ձայներ ունեն: Ժամանակը կարճ էր, բայց բոլորն աշխատեցին իրենց հնարավորությունների առավելագույն չափով: Ըստ իս՝ հասանք թույլատրելի մակարդակի: Ժամանակի ընթացքում կհղկվի ամեն բան»,-ասաց Մկրտչյանն ու շնորհակալություն հայտնեց Կարեն Դուրգարյանին, որ իրեն հնարավորություն է տվել վերադառնալ հարազատ թատրոն, որտեղից շատ տարիներ առաջ է հեռացել:

Տուլուզ Լոտրեկի հոր՝ Ալֆոնս Լոտրեկի դերում կարող եք տեսնել երիտասարդ արտիստ Սերգեյ Ստեփանյանին: «Մեզ սպասվում է գեղեցիկ մյուզիքլ, որը մեր թատրոնի համար նորություն է: Ամենակարևորն այն է, որ սա Ազնավուրի մյուզիքլն է, որի երաժշտությունը չափազանց գեղեցիկ է: Պատմությունը շատ հետաքրքիր է: Կարծում եմ՝ հանդիսատեսին դուր կգա, քանի որ մենք նվիրումով ենք աշխատել»,-նկատեց նա:

GEV_0585.JPG (647 KB)

Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց ներկայացման առաջնախաղը. հույս ունենք, որ այն կընդգրկվի թատրոնի խաղացանկում:

Ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, բեմադրող դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, բեմադրող նկարիչն Ավետիս Բարսեղյանն է, վիդեոբովանդակության բեմադրիչը Դավիթ Բաբայանն է, գործիքավորումը՝ Մադաթ Ավանեսովի, բալետմայստերն Արա Ասատուրյանն է: Ներկայացումը կրկին բեմում կլինի մայիսի 25-ին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում