Հասարակական

Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են «Հայփոստ»-ի բաժանմունքում ավազակության փորձի հանգամանքները

3 րոպեի ընթերցում

Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են «Հայփոստ»-ի բաժանմունքում ավազակության փորձի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 3-ին անհայտ անձը դիմակավորված և զինված մուտք է գործել «Հայփոստ»-ի 0039 բաժանմունք (Երևան, Բագրատունյաց 7) և գումար պահանջել:

photo2.jpg (198 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել, առգրավվել և զննվել են տարածքը տեսաձայնագրող սարքերի՝ դեպքին վերաբերելի ժամանակահատվածի տեսաձայնագրությունները։ Հարցաքննվել են ‹‹Հայ Փոստ›› ՓԲԸ բաժանմունքի աշխատակիցները և դեպքին առնչություն ունեցող մեկ տասնյակից ավելի անձինք։

Ստացված փաստական տվյալներով պարզվել է, որ ապրիլի 3-ին, ժամը 09,10-ի սահմաններում 25-ից 30 տարեկան տղամարդը, կրելով գլխարկ, արևային ակնոց, բժշկական դիմակ և ձեռնոցներ, մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց 7 հասցեում գտնվող՝ ‹‹Հայ Փոստ›› ՓԲԸ-ի ‹‹0039›› բաժանմունք։ Լիցքավորելով խլացուցիչով ատրճանակը՝ այն պահել է բաժանմունքի աշխատակիցների վրա և, պոլիէթիլենային տոպրակը նետելով սեղանի վրա՝ պահանջել է գումար՝ սպառնալով չտալու դեպքում կրակել: Աշխատակիցներից տեղեկանալով որ դրամարկղում գումար չկա, նա հեռացել է՝ ավարտին չհասցնելով իր հանցավոր մտադրությունը։

Կատարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ առերևույթ հացնագործություն կատարած անձի տեղաշարժի վերաբերյալ։ Հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր: Նշանակվել է փորձաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Դա, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում