Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տևական ժամանակ առաջ չի գնում, և դրա միակ պատասխանատուն թուրքական կողմն է․ Սաֆրաստյան

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տևական ժամանակ առաջ չի գնում, և 
դրա միակ պատասխանատուն թուրքական կողմն է․ Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական բանակցային գործընթացը թուրքական կողմն օգտագործում է ոչ թե խնդիրները լուծելու համար, այլ ձգտում է գործընթացը վերածել դիվանագիտական պայքարի՝ ստանալով առավելություններ, իսկ Հայաստանն էլ, շարունակելով բանակցությունները, պետք է այդ պայքարում փորձի առաջ տանել իր մոտեցումները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին և Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումում ներկայացված մոտեցումներին։ 

«Հայ-թուրքական հաշտեցման գործընթացն, ըստ էության, տևական ժամանակ է, ինչ առաջ չի գնում, և դրա միակ պատասխանատուն թուրքական կողմն է, որը լոկ խոսքերով հայտարարում է, թե հրաժարվում է նախապայմաններից, բայց իրականում դրանք առաջ է քաշում ավելի կոշտ կերպով։ Նախագահ Էրդողանի անցյալ տարվա հայտարարությունները վկայում են այն մասին, որ արդեն նախապայմանները նա ձևակերպում է որպես պահանջներ։ Անկարան նախկինի պես հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կապում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների հետ՝ ակնկալելով, որ հայկական կողմը միակողմանիորեն կգնա զիջումների և խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ վերջինիս մաքսիմալիստական պահանջների հիման վրա»,- ասաց Սաֆրաստյանը։

Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, և Հայաստանը չի ենթարկվել Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշումներին, թուրքական կողմն, ըստ էության սառեցրել է ՀՀ-ի հետ իր հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Անթալիայում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ելույթը ևս մեկ անգամ վկայեց այն մասին, որ Հայաստանը շարունակում է իր քաղաքականությունը, որը որդեգրել է դեռ առաջին օրվանից և պնդում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների։ Այստեղ հետաքրքիր էր թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի արձագանքը։ Նա կիրառեց դիվանագիտական հնարք՝ փորձելով Հայաստանին մեղադրել նախապայմաններ առաջ քաշելու մեջ։ Քըլըչն ակնարկում էր, որ Հայաստանն է առաջարկում բանակցությունները շարունակել երրորդ երկրներում, մինչդեռ Անկարան ցանկանում է, որ հանդիպումները կայանան կամ Թուրքիայում, կամ Հայաստանում։ Ավելին, Քըլըչն առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Թուրք բանագնացի կողմից կիրառված մյուս հնարքը վերաբերում էր երևանյան հնարավոր հանդիպման արդյունքում կարևոր որոշումներ կայացնելուն»,- նշեց մեր զրուցակիցը։

Սաֆրաստյանի կարծիքով՝ Անկարան ցանկանում է ոչ միայն հայկական կողմի, այլև միջազգային հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե իբր պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու բանակցություններում կարևոր քայլերի գնալուն։ Ըստ թուրքագետի՝ Քըլըչը փորձառու դիվանագետ է, հետևաբար նշված հնարքների միջոցով ցույց է տալիս կառուցողական քաղաքականություն վարելու պատրաստակամություն՝ իրականում փորձելով խնդիրը ներկայացնել բոլորովին այլ լույսի ներքո։

«Թուրքական քաղաքականությունն ընկալելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այն իրողությունը, որ Անկարայի համար Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ հաշվով չունի էական նշանակություն։ Տնտեսական առումով մեր երկիրը Թուրքիայի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում։ Թուրքական կողմը դեռևս 1991 թվականին հանգել է այն եզրակացության, որ Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով և գտնվելով աշխարհագրական ոչ բարենպաստ վիճակում, պետք է ավելի շատ շահագրգռված լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ, քան հակառակը, և հենց սա է օգտագործում Անկարան, հենց սա է ընկած թուրքական դիվանագիտական ու աշխարհաքաղաքական մոտեցման առանցքում։ Նրանց նպատակը բանակցային գործընթացում Հայաստանի կողմից զիջումներ ստանալն է և դրա համար նաև հայ-ադրբեջանական հաշտեցումն է օգտագործվում որպես լրացուցիչ ճնշման գործիք»,- եզրափակեց թուրքագետը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]