Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և 
վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, առնվազն 34-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 28-ին հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը հարձակման մեջ մեղադրել է Իրանի հետ կապված խմբավորումներին։

«Մենք դեռ հավաքում ենք այս հարձակման վերաբերյալ փաստերը, սակայն գիտենք, որ դա իրականացվել է Սիրիայում և Իրաքում գործող, Իրանի աջակցությունը վայելող արմատական զինված խմբավորումների կողմից», - ասել է Բայդենը հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահը խոստացել է պատասխանատվության ենթարկել հարձակման բոլոր մեղավորներին։

Հունվարի 29-ին ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանն առնչություն չունի այդ հարձակմանը։

«Իրանը ոչ մի առնչություն և ոչ մի կապ չունի ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման հետ․․․ Հակամարտություն կա ԱՄՆ ուժերի և տարածաշրջանում դիմադրության խմբերի միջև, որոնք պատասխան հարձակումներ են իրականացնում», - հայտարարությունից հատված է մեջբերել IRNA գործակալությունը։

Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վիրավորների թիվը կարող է փոխվել, քանի որ ավելի շատ մարդիկ են դիմում օգնության։ Եվս 8 հոգու Հորդանանից տարհանել են ավելի բարձր մակարդակի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ Իրաքում իսլամական դիմադրությունը, որը վայելում է Իրանի աջակցությունը, պատասխանատվություն է ստանձնել երեք ռազմաբազաների, այդ թվում՝ Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման  համար։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այդ հարձակումից հետո ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը հասել է 26 700-ի։

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո սա ամենախոշոր հարձակումն է ամերիկյան ուժերի վրա, ինչը սպառնում է է՛լ ավելի սրել լարվածությունը Մերձավոր Արևելքում։ Մինչ այս Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերն ավելի քան 150 հարձակման են ենթարկվել զինված խմբավորումների կողմից, որոնց հետևանքով շուրջ 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am