Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել դեպի Գազայի հատված 
հումանիտար մատակարարումներ սկսելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնության են հասել Գազա հումանիտար օգնության մատակարարման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով շուրջ 20 բեռնատար կմտնի Գազայի հատված։

Համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի նախագահի Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի հետ Ջո Բայդենի զրույցից հետո։ Իսրայել այցից հետո Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենը նշել է, որ մատակարարումներն, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն հոկտեմբերի 20-ին՝ ճանապարհների վերանորոգման աշխատանքներից հետո։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնել է թույլ տալ Եգիպտոս-Գազա անցակետի բացումը հումանիտար մատակարարումների համար։ Իսրայելական կողմի պայմանն այն է, որ այդ մատակարարումները չպետք է ուղղվեն ՀԱՄԱՍ-ին։

20 բեռնատարները կլինեն Գազա մտնող բեռնատարների առաջին խմբաքանակը, իսկ ընդհանուր առմամբ, շուրջ 150 բեռնատար է սպասում՝ հումանիտար մատակարարումներ Գազա հասցնելու։

Եգիպտոսը հաստատել է ամերիկյան կողմի հայտարարությունները «Ռաֆահ» անցակետով հումանիտար մատակարարումների մասին։ Կահիրեն փակել էր «Ռաֆահ»-ը, քանի որ Իսրայելի կողմից գնդակոծությունները խոչընդոտում էին անցակետի աշխատանքներին։

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ Եգիպտոսի նախագահը հայտարարել է, որ դեմ է պաղեստինցիների տեղահանմանը դեպի Սինայի թերակղզի, քանի որ այդ քայլը Եգիպտոսի տարածքը կդարձնի Իսրայելի դեմ հարձակումների ռազմաբազա։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին։

Հակամարտության սրացումից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, Գազայի հատվածում շուրջ 3500  մարդ է զոհվել, Հորդանան գետի արևմտյան ափին՝ 62։ Վիրավորների թիվը շուրջ 13 000 է։

Իսրայելական կողմում կա 1400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am