ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ոչ մի արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում Ռուսաստանից Հայաստանի նկատմամբ աննախադեպ մեղադրանքներ են հնչում, այդ թվում մեղադրում են վեկտոր փոխելու և դեպի արևմուտք գնալու մեջ:
«Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: Ես Ձեզ մի փաստ արձանագրեմ և մի գաղտնիք բացեմ. Նախ, Եվրամիության հետ մեր հարաբերությունները հիմա, ըստ էության, զարգանում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա և դրա շրջանակներում: Այդ պայմանագիրը 2018 թ.-ից առաջ է ստորագրվել և վավերացվել:
Այո, դա հարաբերությունների որոշակի բարդ ժամանակաշրջան է: Իմիջիայլոց, բարդություններ կան և՛ Ռուսաստանի համար, և՛ Հայաստանի համար, և՛ աշխարհի համար, և՛ գլոբալ աշխարհակարգերի համար, որովհետև պրոբլեմը մեր ու Ռուսաստանի հարաբերությունների մեջ չէ, պրոբլեմը ուրիշ՝ մեծ տերությունների հարաբերությունների մեջ է: Այդտեղ մենք ոչ մի բան էլ չենք փոխում»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում շարունակում է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ: Վարչապետն ընդգծեց՝ ընդ որում, դա իրենց քաղաքական ուժի իշխանության գալուց առաջ է ստորագրվել: «Այսինքն՝ մենք ոչ մի բան չենք փոխում: Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն՝ ինչ-որ կա, ոչ մի բան մենք չենք չեղարկել, ոչ մի տեղից դուրս չենք եկել»,-նշեց նա:
Վարչապետը միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը երբեք չի թաքցրել այն խնդիրները, որոնք կան:
«Նույն ՀԱՊԿ-ի հետ կապված՝ 2021 թ. իրադարձությունները: Մենք, օրինակ, 2020 թ.-ին ՀԱՊԿ-ի հետ կապված պրետենզիաներ չենք ներկայացրել, ոչ էլ՝ Ռուսաստանի Դաշնության, բայց 2021 թ. Սոթք-Խոզնավարի իրադարձությունների ժամանակ, մենք, այո՛, շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել և շարունակում ենք բարձրացնել: Եվ այդտեղ մեր գնահատականները չեն փոխվել»,- նկատեց ՀՀ վարչապետը:
Նա գաղտնիք բացեց Ռուսաստանի Դաշնության նախագահի և իր՝ 2018-ին Սոչիում տեղի ունեցած առաջին հանդիպման մասին:
«Ռուսաստանի Դաշնության նախագահն ինձ ասաց, որ ես գիտեմ, որ շատ են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը միջամտում է տարբեր երկրների գործերին, նրանց սուվերենությունն անընդհատ նսեմացնում է և այլն, և այլն: Եվ ինքը վերահաստատել է, որ անվերապահ հարգանք ունի Հայաստանի ինքնիշխանության, անկախության, սուվերենության և որոշումներ կայացնելու ազատության վրա, և մենք, ըստ էության, մեր հարաբերությունները կառուցում ենք հենց այդ՝ առաջին խոսակցության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը վստահեցրեց և ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը ոչ մի բան չի փոխում, ոչ մի պարտավորություն չի հրաժարվել կատարել, միևնույն ժամանակ խոսում է նկատած խնդիրների մասին: