Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ հարձակմանն Իրանի մասնակցության մասին

Սպիտակ տանը հայտարարել են, որ ապացույցներ չունեն Իսրայելի դեմ 
հարձակմանն Իրանի մասնակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը չունի Իսրայելի դեմ հարձակումներին Իրանի մասնակցության ապացույցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք չունենք հստակ հետախուզական տվյալներ կամ ապացույցներ, որոնք մատնանշում են կոնկրետ այս գործողությանը Իրանի անմիջական մասնակցությունը», - ասել է Քիրբին։

Նա հավելել է, որ Իրանը «վաղուց աջակցում է ՀԱՄԱՍ-ին և տարածաշրջանում ահաբեկչական այլ կազմակերպություններին»՝ տրամադրելով տարբեր միջոցներ, վերապատրաստելով նրանց։ Այդ առումով, ըստ Քիրբիի, «Իրանն, անշուշտ, մեղսակից է», բայց այս հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ն «ոչինչ չունի»:

Պաշտոնյային հարցրել են՝ արդյոք Իրանի մասնակցության ապացույցներ ունենալու դեպքում Միացյալ Նահանգները կրկին կսառեցնի մոտ 6 միլիարդ դոլարի չափով իրանական ակտիվները, որոնք վերջերս ապասառեցրել է գերիների փոխանակման գործարքի շրջանակներում:

«Ես չեմ ցանկանում շատ առաջ ընկնել որևիցե քաղաքական որոշումների վերաբերյալ: Մենք չունենք որևէ տվյալ կամ ապացույց, որը կմատնանշեր Իրանի անմիջական մասնակցությունը հարձակումներին: Մենք, իհարկե, կուսումնասիրենք այդ հարցը», - ասել է նա՝ հավելելով, որ ըստ գործարքի պայմանների` Իրանն այդ միջոցները կարող է օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով:

Ավելի վաղ Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ալի Բարաքեն հայտնել էր, որ Գազայում շատ փոքր թվով՝ 5-6 հրամանատարներ գիտեին Իսրայելի վրա հարձակման մասին, իսկ Իրանը և «Հեզբոլլահ» կազմակերպությունը դրա մասին տեղյակ չէին։ Բարաքեն հերքել է այն հաղորդումները, թե Իրանի անվտանգության ուժերն օգնել են պլանավորել հարձակումը անցյալ շաբաթ Բեյրութում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am