Իրանը հերքել է իր առնչությունը Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը, ԱՄՆ-ն նույնպես Իրանի մասնակցության ապացույցներ չի տեսել
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը հերքել է այն տեղեկությունները, թե ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ իրանցի և արաբ պաշտոնյաների միջև Լիբանանում գաղտնի հանդիպումներ են տեղի ունեցել։ Ըստ իրանական կողմի՝ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի վրա հարձակմանը, Պաղեստինի ղեկավարությունն ինքնուրույն է որոշումներ կայացնում։ Այս մասին Amwaj.media հարթակին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը՝ հերքելով այն հաղորդումները, թե ԻՀՊԿ-ի «Ղուդս» ստորաբաժանումը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի որոշումների կայացման գործընթացին։
«Պաղեստինյան դիմադրության որոշումները լիովին անկախ են և անշեղորեն համապատասխանում են Պաղեստինի ժողովրդի օրինական շահերին: Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, այնուամենայնիվ, չենք մասնակցում Պաղեստինի պատասխան գործողություններին, քանի որ դրանք ընդունվում են բացառապես հենց Պաղեստինի կողմից», - ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում։
Հայտարարությունում նաև նշվում է, որ Իսրայելի վրա հարձակմանը Իրանի մասնակցության մասին հաղորդումները կարող են մեկնաբանվել որպես իսրայելական կառավարության փորձեր՝ «արդարացնելու իրենց ձախողումը և այն վերագրելու Իրանի հետախուզական հզորությանը և օպերատիվ պլանավորմանը»:
Amwaj.media-ն հիշեցնում է, որ Իրանի գերագույն ղեկավարի քաղաքական խորհրդատու Ալի Շամխանին նույնպես հոկտեմբերի 8-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը որակել էր որպես «անկախ շարժում»՝ միևնույն ժամանակ այն անվանելով «վճռական գործողություն» և «հանցավոր ռեժիմի դեմ օրինական պաշտպանության իսկական օրինակ»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հոկտեմբերի 8-ին CNN-ի եթերում նշել է, որ առայժմ հստակ չէ, որ Իրանը ներգրավված է եղել Իսրայելի դեմ հարձակմանը։
«Մենք դեռ չենք տեսել ապացույցներ, որ Իրանն ուղղորդել է կոնկրետ այս հարձակումը կամ կանգնած է եղել դրա հետևում», - ասել է Բլինքենը։
Ավելի վաղ ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ պնդում էր, որ Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին ծրագրել Իսրայելի վրա հարձակումը, ինչպես նաև հոկտեմբերի 2-ին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ «կանաչ լույս է տվել» դրա իրականացման համար։ Հոդվածում վկայակոչվում են ՀԱՄԱՍ և «Հեզբոլլահ» շարժումների բարձրաստիճան աղբյուրներ, եվրոպացի անանուն մի պաշտոնյա և սիրիական կառավարության մի խորհրդական։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Վերջին երկու օրերին Իսրայելի կողմից զոհերի թիվը հասել է շուրջ 700-ի, Պաղեստինի իշխանությունները հայտնել են 400-ից ավելի զոհի մասին։