Տարբեր տեղերից հնչում են ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր. Փաշինյան
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդին հորդորում է սթափ վերաբերվել ստեղծված իրավիճակին, պահպանել սառնասրտություն, չտրվել սադրանքների՝ թույլ չտալու համար, որ որոշ ուժեր ՀՀ պետականությունը դնեն հարվածի տակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ուղիղ եթերում՝ անդրադառնալով Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
«Մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ: Ինչպես սպասվում էր՝ հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր: Հայաստանի պետականությունը, պետությունը այս պայմաններում պետք է արձագանքի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց, իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված ՀՀ քաղաքացիներից, Հայաստանի ժողովրդից, որոնք իմ խորը համոզմամբ պետք է սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է: Ինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն նույնքան դժվար է նաև ինձ համար, ԱԽ անդամների համար, երկրի ղեկավարության համար: Բայց մենք այս պահին որևէ չհաշվարկված, կտրուկ, արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ հասկանում է, որ տեղեկատվության որոշակի պակաս կա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ ԼՂ-ում հրետանային հարվածների պատճառով կապի հանգույցներ են վնասված, տեղեկատվության հոսքի որոշակի դժվարություններ կան:
Փաշինյանը վստահեցրեց, որ ԼՂ-ին հումանիտար բնույթի աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ըստ իրավիճակի: Նա հորդորեց չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն, հետևել պաշտոնական լրահոսին:
Նա շատ կարևորեց, որ ՀՀ-ում լիարժեք կարգով գործի իրավակարգը և պահպանվի կայունությունը: «Բոլորիս հասկանալի է, որ իրավակարգի և կայունության խաթարումը հենց այն նպատակն է, որ իրենց առաջ դրել են այն ուժերը, որ գործում են և նպատակադրված են գործել ընդդեմ ՀՀ-ի»,-ասաց վարչապետը՝ վստահեցնելով, որ ըստ անհրաժեշտության նաև ինքը տեղեկատվություն կտա իրադրության վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա։