Միջազգային

Կիմ Չեն Ընը կարող է ՌԴ-ում հանդիպել Պուտինի հետ և քննարկել զենքի մատակարարումները․ The New York Times

2 րոպեի ընթերցում

Կիմ Չեն Ընը կարող է ՌԴ-ում հանդիպել Պուտինի հետ և քննարկել զենքի մատակարարումները․ The New York Times

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հնարավոր է, սեպտեմբերին այցելի Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկի Մոսկվային զենքերի մատակարարման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հրապարակում է արել «The New York Times» պարբերականը` վկայակոչելով ԱՄՆ-ի և նրա դաշնակից երկրների պաշտոնյաներին։

Ըստ պարբերականի՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը ՌԴ նախագահի հետ կարող է հանդիպել Վլադիվոստոկում՝ սեպտեմբերի կեսերին։ Վլադիվոստոկում սեպտեմբերի 10-13-ը նախատեսվում է անցկացնել Արևելյան տնտեսական ֆորումը, որին երկու ղեկավարներն էլ կարող են ներկա գտնվել։ Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում հանդիպել են նաև 2019 թ․ ապրիլին։

Աղբյուրները նաև նշել են, որ Կիմ Չեն Ընը կարող է այցելել Մոսկվա և «Վոստոչնի» տիեզերակայան։

Ըստ աղբյուրների՝ ԿԺԴՀ ղեկավարը, որը հազվադեպ է լքում Փհենյանը, Ռուսաստան կմեկնի զրահապատ գնացքով։

Կիմ Չեն Ընի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին Կրեմլն առայժմ ոչինչ չի հայտնել։

Հուլիսին Հյուսիսային Կորեա էր այցելել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Կորեական պատերազմի ավարտի 70-ամյակի տոնախմբություններին մասնակցելու։ Շոյգուն նշել էր, որ կողմերը քննարկում են համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում