Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ՝ առանց ԼՂ ժողովրդի համար հստակ անվտանգության երաշխիքների. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ՝ առանց ԼՂ ժողովրդի համար հստակ անվտանգության երաշխիքների. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ և գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումն անհնար է, եթե չլինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխիքներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որտեղ քննարկվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը։

«Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ներկայումս ավելի, քան երբևէ, տեղում քայլեր են անհրաժեշտ՝ արագորեն թոթափելու լարվածությունը Լաչինի միջանցքի շուրջ, մասնավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ», - նշեց ՌԴ ներկայացուցիչը։

Նա հավելեց, որ Մոսկվան ամեն ջանք գործադրում է, որպեսզի աջակցի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը և  Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով, բոլոր մակարդակներում և տեղում, որպեսզի ռուսական խաղաղապահ զորակազմը կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում։ Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագորեն վերսկսվի պարենի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը», - նշեց ՌԴ ներկայացուցիչը՝ հիշեցնելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադբերջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների մասին և ընդգծելով, որ եռակողմ համաձայնագրերի դրույթներին այլընտրանք չկա։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը նաև կարևորեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը և սահմանագծումը՝ Ռուսաստանի աջակցությամբ։

«Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի օրենքների համատեքստում։ Այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատվել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև. յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան», - նշեց ՌԴ ներկայացուցիչը։

Նա հույս հայտնեց, որ քաղաքական կամք կցուցաբերվի՝ հաղթահարելու այս ծանր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, և երկխոսություն տեղի կունենա Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am