Միջազգային

Իրանի արտգործնախարարը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարման մասին տեղեկատվությունը

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարման մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը Տոկիոյում հանդիպել է իր ճապոնացի գործընկերոջ հետ, հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումների մասին պնդումները՝ միաժամանակ նշելով, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումն է, որը հանգեցնում է հակամարտության խորացման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինայի հակամարտության ընթացքում մենք երբեք իրանական անօդաչու թռչող սարքեր կամ զենք չենք մատակարարել Ռուսաստանին: Հենց Եվրոպայի և Ամերիկայի կողմից զենքի մատակարարումներն են, որ հանգեցնում են հետագա ավերածությունների և կոտորածի», - ТАСС-ի փոխանցմամբ՝ Աբդոլլահիանի խոսքերն են մեջբերել ճապոնական ԶԼՄ-ները։

Դրա հետ մեկտեղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն Իրանի համար «կարևոր հարևան երկիր է»։

«Մենք Ռուսաստանի հետ համագործակցային հարաբերություններ ունենք տարբեր բնագավառներում, ներառյալ՝ առևտուրը, տնտեսությունը և զբոսաշրջությունը», - ընդգծել է նա։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են այն մեղադրանքները, թե Թեհրանը Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ներ է մատակարարել Ուկրաինայում կիրառելու համար: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրություններն անվանել է ապատեղեկատվություն և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է բացառապես հայրենական արտադրության թռչող ապարատներ։ 2022 թվականի նոյեմբերին Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, բայց փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում