Միջազգային

Իսրայելում դատական բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են անկարգությունների, կան ձերբակալվածներ

2 րոպեի ընթերցում

Իսրայելում դատական բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են անկարգությունների, կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի տարբեր քաղաքներում դատական բարեփոխումների դեմ հուլիսի 20-ի երեկոյան ցույցեր են տեղի ունեցել, որոնք որոշ վայրերում վերածվել են անկարգությունների։ Թել Ավիվում առնվազն 15 ցուցարար է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու և ոստիկանների վրա հարձակվելու կասկածանքով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Times of Israel-ը, բողոքի ակցիաներ են անցկացվել կառավարող կոալիցիայի նախարարների տների դիմաց, մայրուղիների վրա, խաթարվել է օդանավակայանների աշխատանքը։

AP23201686018306-640x400.jpg (64 KB)

Թել Ավիվում ցուցարարները երեկոյան մի քանի անգամ փակել են գլխավոր մայրուղիներից մեկը, որով երթևեկությունը վերսկսվել է միայն կեսգիշերից հետո։ Ակցիայի մասնակիցները հրկիզումներ են իրականացրել, թմբուկ են զարկել և խոչընդոտել են ճանապարհից իրենց դուրս հանելու՝ ոստիկանների ջանքերին։ Իրավապահները ներգրավել են հեծյալ ոստիկանների, ինչպես նաև ցուցարարներին ճանապարհից դուրս մղելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ։

Հուլիսի 20-ի ցույցերը մեծ թափ էին հավաքել վարչապետ Բենյամին Նեթանյահուի ուղերձից հետո, որի ընթացքում նա պաշտպանել էր դատական բարեփոխումներն ավարտին հասցնելու իր կոալիցիայի քայլերը և հերքել, որ այս օրենսդրական նախաձեռնությունը սպառնում է ժողովրդավարությանը։

Ինչպես նշում է The Times of Israel-ը, վիճելի օրենսդրությունը նպատակ ունի թույլ չտալու դատարանին օգտագործել «խելամտության թեստը» կառավարության կամ ընտրված պաշտոնյաների կողմից կայացված որոշումները գնահատելիս: Օրինագծի ընդունումն, ըստ պարբերականի, կարող է ճանապարհ հարթել իսրայելական ուլտրա-կրոնական «Շաս» կուսակցության առաջնորդ Արիե Դերիի՝ կաբինետ վերադառնալու համար․ հարկային իրավախախտումների պատճառով Գերագույն դատարանը մերժել էր նրա նշանակումը ներքին գործերի նախարարի պաշտոնում՝ դա որակելով որպես «ոչ խելամիտ» քայլ:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում