Միջազգային

Արտակարգ պատահար Ղրիմի կամրջի վրա․ կան զոհեր և վիրավոր

2 րոպեի ընթերցում

Արտակարգ պատահար Ղրիմի կամրջի վրա․ կան զոհեր և վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մեկ տղամարդ և մեկ կին է զոհվել։ Նրանց դուստրը տեղափոխվել է հիվանդանոց։ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում վաղ առավոտյան հաղորդել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասվել է ճանապարհային ծածկույթը։

Միջադեպի երկու զոհերը ՌԴ Բելգորոդի մարզից էին։ Նրանց 14-ամյա դստեր վիճակը գնահատվում է միջին ծանրության․ նա ստացել է գանգուղեղային փակ վնասվածք և օդանավով տեղափոխվում է Կրասնոդարի երկրամաս։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, վարորդներին կոչ է արվել զերծ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց։ Կամրջով երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը նույնպես ժամանակավորապես դադարեցվել էր և պետք է վերականգնվեր Մոսկվայի ժամանակով ժամը 09։00-ին։

Ղրիմի ղեկավարը բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Իշխանությունները զբոսաշրջիկներին ևս կոչ են արել հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում։

Արտակարգ պատահարի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, սակայն ռուսաստանցի բլոգերները, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ հաղորդում են, որ կամրջի վրա երկու պայթյուն է տեղի ունեցել՝ տեղի ժամանակով ժամը 3։04-ին և 3։20-ին։

Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր վարչությունը հրաժարվել է մեկնաբանել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում