Քաղաքականություն

Հայաստանը շուտով կավարտի աշխատանքները Մարգարայում, հուսով է, որ Թուրքիան կպահի սահմանը բացելու պայմանավորվածությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շուտով կավարտի աշխատանքները Մարգարայում, հուսով է, որ Թուրքիան կպահի սահմանը բացելու պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շուտով կավարտի Մարգարայում ենթակառուցվածքների կարգի բերման աշխատանքները, հայկական կողմը հուսով է, որ թուրքական կողմը ևս կպահի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խորհրդարանական ճեպազրույցում:

«Վերջին պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար: Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, շատ շուտով կավարտենք: Եվ հույս ունենք, որ թուրքական կողմը ևս կպահի պայմանավորվածությունը, և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»,-ասաց Ռուբինյանը:

Նա վստահեցրեց, որ գործընթացը կանգնած վիճակում չէ, ինքն ըստ անհրաժեշտության խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ: Այս պահին հանդիպման մասին պայմանավորվածություն չկա դեռևս:

Անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ հատուկ ներկայացուցիչները բավականին ակտիվ հանդիպումներ էին ունենում, իսկ հիմա՝ ոչ, Ռուբինյանը դա բնական համարեց՝ նշելով, որ հիմա ունեն կոնկրետ պայմանավորվածություն՝ սահմանը բացելու առումով:

«Եվ շատ կարևոր է, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի: Նման գործընթացներում, երբ վստահության դեֆիցիտ կա, շատ կարևոր է, որ պայմանավորվածություններն իրագործվեն: Եթե իրագործվեն, վստահությունը կավելանա, եթե չիրագործվեն, բնականաբար՝ կպակասի»,-ասաց Ռուբինյանը:

Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ իր կողմից աշխատանքներ է տանում Մարգարա անցակետը կահավորելու համար, կատարվում են աշխատանքներ, որպեսզի հայկական կողմը պատրաստ լինի պայմանավորվածություններն իր կողմից իրականացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում