Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

ՀՀ-ԵՄ հարաբերությունները բազմաշերտ են. Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավորին

ՀՀ-ԵՄ հարաբերությունները բազմաշերտ են. Հակոբ Արշակյանն ընդունել է 
Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավորին

ԵՐԵՎԱՆ,  20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին: 
  
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը: 
  
«Ողջունելի է ձեր այցը Հայաստան` հատկապես հաշվի առնելով մեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանը: Միջանցքը շարունակում է մնալ արգելափակված եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու Եվրոպայի խորհրդի կոչերը չեն իրագործվում Ադրբեջանի կողմից », - ընդգծել է Հակոբ Արշակյանը` ներկայացնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը:

Հակոբ Արշակյանը բարձրաձայնել է նաեւ Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հարցը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանը չի դադարեցնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, ագրեսիվ հռետորաբանությունը: 
  
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ բանաձեւերի, զեկույցների, հայտարարությունների ընդունման գործում ձեր ունեցած դերակատարության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է.

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները բազմաշերտ են, համագործակցության շրջանակը տպավորիչ է: Այն ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական եւ ներդրումային ծրագրերից բխող նախաձեռնությունների կյանքի կոչումը: ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը»: 
  
«Չնայած վերջին տարիներին բոլորիս առջեւ ծառացած մարտահրավերներին` մեզ հաջողվել է ապահովել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` ստորագրելով մի շարք համաձայնագրեր ավիացիայի, միգրացիայի եւ այլ ոլորտներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ հավելել` դրանք պետք է կյանքի կոչվեն:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման որոշումը եւ ընդգծել, որ այն մեծ ներդրում կարող է ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում:

Հակոբ Արշակյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացման, Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացման տեսանկյունից խթանիչ քայլ կարող է լինել Հայաստանի եւ ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Առաջին անգամ Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մեր երկիր հրավերի համար: Հյուրը եւս կարեւորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը: Անդրադառնալով ԼՂ-ում առկա իրավիճակին` Բերտ-Յան Ռուիսենը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի որոշման անտեսումը:

Արման Եղոյանն էլ կարեւորել է ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ թիրախային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Բերտ-Յան Ռուիսենը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման հարցում միջազգային տարբեր ձեւաչափերով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am