Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տաթևում կանցկացվի Սյունիքի պատմության և լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ փառատոնը

Տաթևում կանցկացվի Սյունիքի պատմության և լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր և խաղեր, ավանդական ուտեստներ և շրջայց պատմական հին գյուղեր․ Տաթևում hունիսի 24-25-ին կայանալու է Սյունիքի պատմության և լեգենդների՝ «Սարերում» իմերսիվ փառատոնը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում է բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային և գաստրո տուրիզմի զարգացմանը։

Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, միևնույն ժամանակ՝ վայելելու Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹևեր» ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանն է միջնադարյան հոգևոր, կրթական և ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրը։

«Փառատոնները շատ կարեւոր դեր ունեն զբոսաշրջության ոլորտի համար։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն զարգացնում է զբոսաշրջությունը 4 հիմնական ուղղություններով՝ արկածային, մշակութային, գաստրո եւ բնություն։ Այս բոլոր 4 ուղղությունները ներկայացված կլինեն «Սարերում» փառատոնի շրջանակներում, որը շատ կարեւոր է զբոսաշրջային հոսքեր ներգրավելու տեսանկյունից։ Մենք միշտ ցանկություն ունենք ստեղծելու հետաքրքիր միջոցառումներ՝ միջազգային զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ ուղղություն դարձնելու նպատակով: Կարեւորելով միջազգային շուկան՝ Կոմիտեն իրականացնում է ճանաչողական այցերի ծրագիրը, որի շրջանակում հյուրընկալում ենք տարբեր երկրներից մեդիա ներկայացուցիչների եւ բլոգերների։ «Սարերում» փառատոնին ներկա են լինելու Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից եւ Ավստրիայից հանրաճանաչ պարբերականների ներկայացուցիչներ»,- նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Փառատոնը կընթանա մի քանի ուղղությամբ՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի հետաքրքրություններ. Տաթևի վանքի մոտ տեղի կունենա «Սյունիքի պատմություն. ճամփորդություն ժամանակի միջով» ինտերակտիվ բեմադրությունը՝ Սյունիքի պատմական իրադարձությունների և ականավոր դեմքերի մասին, որից հետո այցելուները կմասնակցեն ազգային խաղերի ու պարերի։

«ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ ողջ օրն ընթանալու է տոնավաճառ, որտեղ տեղացի արհեստավորները ցուցադրելու են տարածաշրջանի ավանդական արհեստները, իսկ այցելուների համար անցկացվելու են վարպետության դասեր։ Երաժշտական ​​ծրագրի շրջանակում ելույթ է ունենալու «Միքայել Ոսկանյան և Թառափ տրիո» խումբը։ Նախատեսված է նաև DJ-ով պարահրապարակ, մանկական ժամանցի և հանգստի մեծ գոտի։

Փառատոնի շրջանակում սյունեցի դերասանների ներգրավվածությամբ կկայանա «Միջնադարյան ընթրիք ազնվական Օրբելյանների ընտանիքի հետ» հատուկ ճաշկերույթ-բեմադրությունը։

Կիրականացվի նաև շրջայց դեպի Հին Հալիձոր գյուղ՝ դիտելու «Տեղական ապրելակերպ 17-րդ դարում» ինտերակտիվ ներկայացումը, իսկ փառատոնի երկրորդ օրն այցելություն կլինի Հին Խնձորեսկ գյուղ։

«Մեր նպատակն է «Սարերում» փառատոնի շնորհիվ խթանել զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիք՝ Տաթեւ, ինչպես նաեւ ներկայացնել Սյունիքի հարուստ պատմությունն ու մշակույթը թատերական բեմադրությունների ու խաղերի միջոցով։ Հուսով ենք, փառատոնի այցելուները կգնահատեն սյունեցիների հյուրընկալությունը, կվայելեն լեռնային գեղեցիկ տեսարաններն ու կանցկացնեն ուրախ հանգստյան օրեր: Փառատոնը նշանակալից է նաեւ նրանով, որ զբոսաշրջիկների նոր հոսքը դեպի Տաթեւ կունենա դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ամբողջ համայնքի վրա»,- ասել է փառատոնի նախագծի ղեկավար Անի Դավթյանը։

«Սարերում» փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը, «Իմպուլս մենեջմենթ» ընկերությունը և «ՏաԹևեր» ճոպանուղին:

«ՏաԹեւերն» աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող ծրագրի՝ «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի մի մասն է, որից ստացված շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և հարակից տարածքների զարգացմանը։ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը կառավարվում է «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի»-ի կողմից։

«Տաթեւի Վերածնունդ» հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հիմնական նպատակներն են Տաթևի վանքի վերականգնումը, մարզի համայնքների զարգացումը, մարզում նոր աշխատատեղերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Տաթևի զբոսաշրջային ուղղության զարգացումը և տեղական ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am