Միջազգային

ԵՄ-ում ոչնչացվել է մրգերի և բանջարեղենի արկղերով թմրանյութեր տեղափոխող հանցավոր խումբ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ում ոչնչացվել է մրգերի և բանջարեղենի արկղերով թմրանյութեր տեղափոխող հանցավոր խումբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի և Լեհաստանի իրավապահ մարմինները ոչնչացրել են կազմակերպված հանցավոր խումբ, որին կասկածում են մրգերով և բանջարեղենով բեռնված բեռնատարներով միլիոնավոր եվրոյի թմրանյութերի մատակարարման մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտնել է Եվրոպայի ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ), որն օժանդակել է գործողության իրականացմանը։

Ըստ հաղորդագրության՝ հետաքննության ընթացքում իրավապահներն առգրավել են շուրջ 260 կգ մարիխուանա, ամֆետամին և կոկաին, որոնց արժեքը կազմում է 2 925 400 եվրո:

Եվրոպոլը հայտնում է, որ ապրիլի 23-ին իրականացված ստուգարշավի ընթացքում 14 մարդ ձերբակալվել է Լեհաստանում, ևս 6-ը՝ Իսպանիայում, ինչպես նաև առգրավվել է 0,5 մլն եվրոյի չափով կանխիկ գումար՝ տարբեր արժույթներով:

Ավելի վաղ տարվա ընթացքում տվյալ խմբավորման դեմ իրականացվել են մի քանի ստուգարշավներ, որոնք հանգեցրել են 42 ձերբակալությունների։ Ընդհանուր առմամբ, ըստ հետաքննության ընթացքում հավաքված փաստերի՝ չարագործները մասնակցել են 3 տոննա մարիխուանայի մաքսանենգությանը՝ 30 միլիոն եվրո արժողությամբ: Թմրանյութն Իսպանիայից Լեհաստան է տեղափոխվել մրգեր և բանջարեղեն տեղափոխող բեռնատարներով՝ Նիդերլանդների և Գերմանիայի տարածքով: Բացի այդ, հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործները կապված են եղել տարբեր սպորտային ակումբների մոլի ​​երկրպագուների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում