Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Պակիստանի ընդդիմության կողմնակիցները գրոհել են երկրի վարչապետի նստավայրի վրա

Պակիստանի ընդդիմության կողմնակիցները գրոհել են երկրի վարչապետի 
նստավայրի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Թեհրիք-ի-Ինսաֆ» կուսակցության հիմնադիր Իմրան Խանի կողմնակիցները գրոհել են երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆի` Լահորում գտնվող նստավայրի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NDTV պարբերականը՝ վկայակոչելով Պակիստանի ոստիկանությանը։

Ըստ հաղորդագրության՝ ավելի քան 500 մարդ եկել է վարչապետի նստավայրի մոտ և հրկիզել այնտեղ կայանված ավտոմեքենաները։

«Նրանք նաև հրկիզող խառնուրդով ռումբեր են նետել վարչապետի տան վրա»,- հավելել է Փենջաբի ոստիկանության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ հարձակման պահին նստավայրում եղել է միայն պահակախումբը: Խռովարարները նաև հրկիզել են պահակակետը: Ոստիկանական ջոկատների ժամանելուց անմիջապես հետո ցուցարարները ցրվել են։

Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ բողոքի ցույցերի երկու օրերի ընթացքում ցուցարարները Փենջաբի նահանգում հրկիզել են 14 կառավարական օբյեկտ ու շենք և 21 ոստիկանական մեքենա։

Բողոքի ցույցերը Պակիստանում սկսվել են մայիսի 9-ի երեկոյան՝ այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Իմրան Խանը կոռուպցիայի մեղադրանքներով ձերբակալվեց Հաշվետվությունների ազգային բյուրոյի (տնտեսական հետախուզություն) աշխատակիցների կողմից:

Հետաքննության վարկածով` քաղաքական գործիչը կնոջ և իր կուսակցության առաջնորդների հետ միասին հիմնել է «Ալ-Քադիր համալսարանի» ստեղծման տրաստ և իրենց գործողություններով 50 միլիարդ ռուփիի (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 173 միլիոն ԱՄՆ դոլար) վնաս է հասցրել պետական ​​բյուջեին։ Չորեքշաբթի օրը Իսլամաբադի դատարանն ութ օրով ձերբակալել է Խանին։

Բացի Խանից, Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է նաև «Թեհրիք-ի-Ինսաֆ»-ի փոխղեկավարներ Ֆավադ Չաուդրիին և Շահ Մահմուդ Քուրեշին, ինչպես նաև կուսակցության գլխավոր քարտուղար Ասադ Ումարին։

Խանի կալանավորումից անմիջապես հետո նրա կուսակցությունը կոչ է արել զանգվածային հանրահավաքներ կազմակերպել ամբողջ երկրում: Ի պատասխան՝ Պակիստանի իշխանությունները կարգադրել են բանակային զորամասեր ուղարկել Փենջաբի և Հայբեր Պահտունհվայի նահանգներ, ինչպես նաև Պակիստանի մայրաքաղաք, որտեղ անցկացվում են ամենամեծ բողոքի ցույցերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am