Միջազգային

Հարկավոր է միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին. Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ

2 րոպեի ընթերցում

Հարկավոր է միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին. Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ֆրանսիացի պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է անընդհատ երկրների միջև փոխգործակցության նոր ոլորտներ գտնել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Չինաստանը և Ֆրանսիան պետք է սերտ շփումներ պահպանեն բարձր մակարդակով... մշտապես յուրացնեն համագործակցության նոր ոլորտներ», - մեջբերված է Ցին Գանի խոսքը Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նա մանրամասնել է, որ Չինաստանի իշխանությունները շահագրգռված են չինական և ֆրանսիական շուկաների փոխադարձ մատչելիության ամրապնդմամբ։ Ցին Գանը նաև մատնանշել է երկու երկրների մասնակցությամբ մատակարարումների հուսալի շղթաների ապահովման կարևորությունը:

«Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը միջազգային հարցերի շուրջ, միահամուռ հակազդել գլոբալ մարտահրավերներին», - հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝ Պեկինն անշեղորեն կվարի արտաքին տնտեսական փոխգործակցության սահմանափակումների վերացման քաղաքականություն, կխթանի զարգացման ինտենսիվ մոդելի ձևավորումը։ Ցին Գանը նշել է, որ Չինաստանը պատրաստ է արդյունավետ համագործակցության բոլոր երկրների հետ՝ առկա բարենպաստ հնարավորությունները համատեղ օգտագործելու նպատակով։

«Մենք միշտ Եվրոպան դիտարկում ենք որպես համապարփակ ռազմավարական փոխգործակցության խթանման գործընկեր», - ընդգծել է նա՝ հավելելով, որ Չինաստանը մշտապես պաշտպանում է Եվրամիության քաղաքական անկախությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում