ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բուդապեշտի Բելվառոշ թաղամասի Սուրբ Միխա եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո սա Հունգարիայում անցկացված առաջին նմանատիպ միջոցառումն էր։
Միջոցառմանը մասնակցում էին Հունգարիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, Հունգարիայի խորհրդարանի և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել Գեղարդ երգչախմբի համերգը՝ եվրոպական և հայկական միջնադարյան հոգևոր ստեղծագործությունների կատարումներով։
Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականին, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ: Պատճառը 2004-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու դեպքից հետո Հունգարիայում իր պատիժը կրող Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելն էր:
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հանդիպել էին Լոձում և պայմանավորվել էին դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին։