Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի ագրեսիայից հետո ԵՄ-ն արձանագրել է Հայաստանի պետական սահմանի խախտումը․ Փաշինյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Եվրամիության հայտարարությունում քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԵՄ դիտորդները հասցեական գնահատական չտվեցին Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։
«Ես կարծում եմ, որ ԵՄ հայտարարությունում, որում էմոցիոնալ առումով գնահատական չկար, քաղաքական շատ հստակ արձանագրում կար այն մասին, որ 1991 թ. սահմանը պետք է պահպանվի: Եվ մենք համաձայն ենք դրա հետ։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ արձանագրում ու գնահատական է: Եվ դա նշանակում է, որ արձանագրվել է ՀՀ պետական սահմանի խախտումը»,-ասաց Փաշինյանը:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ից մինչ այս պահը իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն: