Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Սուդանում թեժ մարտերը շարունակվում են. խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի

Սուդանում թեժ մարտերը շարունակվում են. խաղաղ բնակիչների շրջանում զոհերի 
թիվը հասել է 97-ի

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանում արդեն երեք օր է՝ ծանր մարտեր են ընթանում բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև: Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Զինվորականների շրջանում զոհերի մասին պաշտոնական տվյալներ չկան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Մայրաքաղաք Խարթումի և հարևան Օմդուրման քաղաքի որոշ հատվածներ ենթարկվել են ավիահարվածների և գնդակոծությունների: Տներում թաքնված բնակիչները հայտնել են հոսանքազրկումների և կողոպուտների մասին:

Associated Press-ի տեղեկացմամբ՝ պայքար է ընթանում զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի և կիսառազմական «Արագ աջակցության ուժերի» ղեկավար, գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոյի միջև: Երկու գեներալները նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021 թ.-ի ռազմական հեղաշրջումը:

Կողմերը հայտարարել են, որ հրադադարի շուրջ բանակցություններ չեն վարի:

Associated Press-ը նշում է, որ Խարթումում տանկերով, գնդացիրներով, հրետանային համակարգերով կռիվներն աննախադեպ երևույթ են: Սուդանում երկարատև քաղաքացիական կռիվներ են ընթացել, բայց դրանք հիմնականում կենտրոնացած են եղել հեռավոր գյուղական վայրերում՝ մայրաքաղաքից հեռու:

Մարտերը տարածվել են նաև երկրի արևմտյան Դարֆուրի նահանգում և Սուդանի հյուսիսային և արևելյան հատվածներում՝ Եգիպտոսի և Եթովպիայի սահմանների մոտ: Շաբաթ և կիրակի օրերին Պարենի համաշխարհային ծրագիրը կասեցրել է իր գործունեությունը Սուդանում այն բանից հետո, երբ իր երեք աշխատակից զոհվեց Դարֆուրում մարտերի ընթացքում:

Սուդանում մարտերը դադարեցնելու կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, Արաբական պետությունների լիգայի ղեկավար Ահմեդ Աբդուլ Ղեյթը և Աֆրիկյան միության հանձնաժողովի ղեկավար Ազալի Ասումանին: Այսօր ավելի ուշ Սուդանում ստեղծված իրավիճակը կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Վերջին ամիսներին Բուրհանի և Դագալոյի միջև բանակցություններ էին ընթանում: Միջազգային ճնշման տակ նրանք համաձայնության էին եկել համաձայնագրի նախագծի շուրջ: Սակայն փաստաթղթի մի շարք հիմնական կետերի առումով կային տարաձայնություններ, որի պատճառով գործարքի ստորագրումը բազմիցս հետաձգվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am