Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նյու Յորքում կկայանա Orion Summit 2023-ը`«Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով

Նյու Յորքում կկայանա Orion Summit 2023-ը`«Ներդրումները դիրքավորում են 
Հայաստանը» խորագրով

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում հունիսի 19-22-ը կկայանա Orion Summit 2023 գագաթնաժողովը՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Միջոցառումը կընդգրկի գագաթնաժողովը, պանելային քննարկումներ, անհատական ու խմբային հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների մասին, այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ: «Արմենպրես»-ը զրուցել է գագաթնաժողովի կազմակերպիչների և գործընկերների հետ: 

Պատասխանում է. «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը

Diana Arzumanyan 2.jpeg (172 KB)

-Ինչու՞ որոշեցիք հենց Նյու Յորքում անցկացնել այս տարվա գագաթնաժողովը:

-Նյու Յորքը համաշխարհային ֆինանսական կենտրոն է, շատ նորարարություններ սկիզբ են առնում այդ քաղաքից, և Նյու Յորքն աշխարհին թելադրում է տնտեսական զարգացման հիմնական միտումները: Որքան մոտ լինենք առաջադեմ մտքին, այդքան ավելի մեծ փորձ կկուտակենք ու ավելի արագ զարգանալու հնարավորություն կունենանք: Orion-ի համար կարևոր է, որ այդ հնարավորությունները ստեղծենք մեզ հետ աշխատող ստարտափների, ֆինանսական ու նորարարական կազմակերպությունների և այլ գործընկերների համար: 

Orion Worldwide Innovations-ը հիմնադրվել է 2017 թվականին՝ Նյու Յորքում, և այս տարիների ընթացքում ստարտափների հետ աշխատանքի մեծ փորձ է կուտակել: Տարբեր երկրների ստարտափների ու ներդրողների հետ ավելի քան 5 տարվա աշխատանքի արդյունքում մենք հաջողակ գործընկերներ ենք ձեռք բերել Նյու Յորքում: Նրանց և գագաթնաժողովին մասնակցող հայաստանյան ընկերությունների ղեկավարների հետ նույն հարթակում ցանկանում ենք քննարկել լուծումներ, որոնք կարևոր են նաև Հայաստանի տնտեսության համար: Orion-ը նաև BAJ Accelerator-ի համահիմնադիրն է, որն իր հիմնական գործունեությունը Նյու Յորքում է իրականացնում, սակայն իր ցանցում ներառում է ստարտափներ ամբողջ աշխարհից: 

-Քանի՞ մասնակից է սպասվում գագաթնաժողովին: 

-Orion Summit 2023-ին կմասնակցեն շուրջ 100 ներդրողներ, ստարտափների հիմնադիրներ, վենչուրային ֆոնդերի, ընտանեկան գրասենյակների, բանկային, ապահովագրական, ներդրումային բանկինգի և ֆինտեխ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Նախատեսվում է, որ գագաթնաժողովի մասնակիցների մոտ կեսը կլինեն Նյու Յորքից ու ԱՄՆ այլ քաղաքներից, իսկ մյուս կեսը՝ Հայաստանից: Ընդամենը սահմանափակ տեղեր են մնացել, կարելի է գրանցվել միջոցառման պաշտոնական կայքի միջոցով կամ լրացնելով հայտը: 

-Ովքե՞ր են լինելու բանախոսները: 

-Orion Summit 2023-ի բանախոսներից են լինելու ԱՄՆ շուկայում նկատելի արդյունքներ գրանցած ստարտափների, աշխարհի հաջողակ ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Մասնավորապես, այլ բանախոսների շարքում իր փորձը կկիսի Ֆինանսական կարգավորման խորհրդատու Ջեֆ Ինգբերը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել Նյու Յորքի Federal Reserve բանկում, Citibank-ում, Դեպոզիտարիայի հավատարմագրային և քլիրինգի կորպորացիայում: Բանախոսների թվում է նաև՝ New York համալսարանի Stern բիզնես դպրոցի Endless Frontier Labs-ի փոխտնօրեն Բեթ Իքսին, որի ղեկավարած Endless Frontier Labs-ը համալսարանում ստարտափների մենթորության ծրագիր է իրականացնում: Գագաթնաժողովի մասնակիցներին հետաքրքիր կլինի լսել նաև Francisco Partners ներդրումային ընկերության Credit and Structured Solutions Group-ի տնօրեն Սեբուհ Նահաբեդյանին: Մինչ Francisco Partners-ին միանալը, Նահաբեդյանը եղել է Blackstone Insurance Solutions-ի գործադիր տնօրեն, ֆինանսների և գործառնությունների բաժնի ղեկավար, Blackstone Credit-ի գլխավոր տնօրենի տեղակալ: Orion Summit 2023-ի բանախոսներից են Համաշխարհային տնտեսական ֆորումի ներկայացուցիչ Զառա Ինգիլիզյանը, մասնավոր կապիտալի, մի շարք առաջատար ֆինանսական ընկերություններում անշարժ գույքի և բլոքչեյնի գործադիր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Թոմաս Փարկը և այլ հեղինակավոր մասնագետներ: 

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ գագաթնաժողովին հանդես կգան 30-ից ավելի հեղինակավոր բանախոսներ՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ընկերություններից:

-Այս տարի գագաթնաժողովի քննարկումների ու հանդիպումների շեշտն ինչի՞ վրա է լինելու:

-Մեր գործընկերների ու գագաթնաժողովին գրանցվողների հետ քննարկումների արդյունքում ստացվեց, որ մեծ հետաքրքրություն կա բանկային ու ֆինտեխ ոլորտի նորարարությունների նկատմամբ: Կարևոր թեմա է լինելու նաև արտերկրյա բանկերի հետ գործարքների համար թղթակցային հաշիվների սպասարկման հարցերի քննարկումը: Մասնակից ստարտափների համար ամենակարևոր նպատակներից են ներդրողների հետ հանդիպումները, ներդրումներ ստանալու արդի պահանջներին ծանոթանալը:

Պատասխանում է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը

S. Sargsyan 1.jpeg (118 KB)

-Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում: 

-Անցնելով զարգացման և կայացման երկարամյա ուղի՝ այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ-ում գործում է կայուն բանկային համակարգ։ Սա անկախության առնվազն վերջին 30 տարիների մեր կարևոր ձեռքբերումներից մեկն է։ Այսօր այն ընկալվում է որպես առաջադեմ, կապիտալացված, իրացվելի և հուսալի բանկային համակարգ։ Տարիների ընթացքում հաջողվել է ստեղծել նաև կայուն հիմքեր և նախապայմաններ ընթացիկ մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու և դրանք հաղթահարելու համար։

Հարկ եմ համարում նաև նշել, որ այսօր ՀՀ բանկային համակարգը ներկայանալի և մրցունակ է աշխարհի մի շարք զարգացած երկրների համակարգերի հետ համեմատած։ Այս մասին փաստում են ինչպես համակարգի գործունեությունը բնութագրող ցուցանիշները, այնպես էլ ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և փորձագետների կողմից համակարգին և առանձին բանկերին տրված գնահատականները։ Այս տեսանկյունից աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոն Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովին մեր բանկային համակարգը կարող է ներկայանալ իրեն բնորոշ ֆինանսական գործարքների լայն հնարավորություններով և խնայողությունների պահպանման համար բացառիկ պայմաններով։

Գագաթնաժողովին ամերիկյան շուկայի ֆինանսական կառույցների ներկայացուցիչների ակտիվ մասնակցության պարագայում ակնկալում ենք առկա համագործակցության ամրապնդում և ընդլայնում, գործարար նոր կապերի հաստատում միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև կառուցողական քննարկումներ ֆինանսական շուկաների զարգացման հիմնական միտումների վերաբերյալ»։

Պատասխանում է BDO-ի Գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը

337767578_1550720322084869_5395033759352939631_n.jpg (153 KB)

- Ինչո՞ւ է Orion-ը BDO-ին հրավիրել Orion Summit 2023-ին մասնակցել որպես գործընկեր: 

-«BDO Armenia»-ի և «Orion Worldwide Innovations»-ի միջև արդեն իսկ ձևավորված է արդյունավետ համագործակցային միջավայր, ուստի շատ լավ կլինի, եթե կողմերը փորձեն ամրապնդել համագործակցությունը նաև Orion Summit 2023-ի շրջանակում՝ հատկապես հաշվի առնելով, որ արդեն ունեն հաջողած համագործակցության փորձ։ Այդ ամենի վառ օրինակ է Orion Summit 2022-ը, որի ընթացքում «BDO Armenia»-ն որպես գործընկեր վարեց պանելային քննարկում «ESOP- աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը՝ որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման խթան» թեմայով, իսկ դրան արդեն նոյեմբերին հաջորդեց «BDO Armenia»-ի և «Orion Worldwide Innovations» -ի համատեղ կազմակերպած կոնֆերանսը Երևանում «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում»՝ երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 150 ներկայացուցիչներ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։

BDO-ն՝ որպես միջազգային խոշորագույն ցանցերից մեկը, ունի ձևավորված այլընտրանքային ներդրումների պրակտիկա (ներառյալ Private Equity, Family Business and Office global practices): Նպատակադրված ենք Օրիոնի գործընկերների և BDO Armenia-ի հայաստանյան գրասենյակի միջոցով այդ փորձառությունը տարածել նաև Հայաստանում՝ հեշտացնելով երկրում բիզնես վարելը, օգնելով բիզնեսներին վերափոխել իրենց տնտեսական մոդելները, ներգրավել ֆինանսական միջոցներ կապիտալի շուկային և վարկավորմանը՝ այլընտրանքային ֆինանսական աղբյուրներից (ինչպիսիք են մասնավոր կապիտալի ֆոնդերը) և, կենտրոնանալով առանցքային գործառույթների վրա, կայացնել իրենց բիզնեսը։

-Ի՞նչ կտա մասնակցությունը Orion Summit 2023 գագաթնաժողովին:

-Orion Summit 2023-ին մասնակցելը կարող է արժեքավոր փորձ լինել բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են այլընտրանքային ներդրումներով և տեխնոլոգիաներով: Այն կընձեռի սովորելու, ուսումնասիրելու, ներգրավվելու և հաղորդակցվելու լայն հնարավորություններ: Մասնակցելու են միջազգային պրոֆեսիոնալներ, հաջողակ մարդիկ, ներդրողներ և մասնակցությունը կտա այդ ակումբի մաս կազմելու և հաջորդիվ Հայաստանում այլընտրանքային ներդրումների և առհասարակ ներդրումային բանքինգի էկոհամակարգի զարգացման մաս կազմելու հնարավորություն։

Մասնակիցները Նյու Յորք մեկնելուց և վերադառնալուց հետո Հայաստանում կգտնեն ճանաչելի միջավայր ի դեմս «BDO Armenia»-ի և «Orion Worldwide Innovations» -ի, ովքեր պատրաստ են իրենց տալ մասնագիտական ողջ աջակցությունն ու լավագույն միջազգային փորձի տեղայնացումը ցանկացած բարդ խնդրի լուծման ճանապարհին։ Դա իր մեջ կներառի ինչպես բիզնեսի ադապտացման-վերափոխման լուծումները, այնպես էլ այդ վերափոխումների գրագետ իրավաբանական ու հաշվապահական աջակցումը:

Կարինե Տերտերյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]