Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ լավագույն ներկայացում. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության դափնեկիրները

«Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ լավագույն ներկայացում. հայտնի են «Արտավազդ» 
թատերական մրցանակաբաշխության դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը:

22-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր երջանկահիշատակ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝մինչ հայտնի կդառնային բաղձալի մրցանակի դափնեկիրները, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց՝ունենք հրաշալի ժամանակակից հայ թատրոն, հրաշալի դեմքեր, հրաշալի վարպետներ, հրաշալի միջին սերունդ, անկրկնելի երիտասարդություն:

«Մենք ունենք Թատերական ինստիտուտը նոր ավարտած, ստեղծագործական ավյունով լցված, լուրջ ծրագրերով, լուրջ առարկություններով երիտասարդներ, որոնք շատ հաճախ զայրացնում են մեծերին: Հրաշալի է, որ նրանք կան ու մեր կողքին են և տարեցտարի զարմացնում են իրենց աշխատանքներով: Ուզում եմ ընդգծել այդ գործում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերը, որի շնորհիվ շնորհալի մարդիկ են մուտք գործում թատերական աշխարհ: Հաճախ եմ առաջնախաղերի ներկա լինում և ամեն անգամ թե՛ դերակատարների, թե՛ ռեժիսորների աշխատանքը տեսնելով՝ հրճվում եմ, հիանում եմ: Հայ թատրոնի վաղվա օրը տեսանելի է հարյուր տոկոսով»,-հավաստիացրեց Ղազանչյանը:

Անդրադառնալով Վահե Շահվերդյանին՝ նա խոստովանեց՝ շատ տխուր է, որ Շահվերդյանը այլևս իրենց հետ չէ: «Շահվերդյանն անգնահատելի էր հայ թատրոնում: Ըստ էության, նա ստեղծեց Վանաձորի պետական թատրոնը, կազմավորեց Վանաձորի հանդիսատեսին, որն այսօր Հայաստանի լավագույն հանդիսատեսներից մեկն է, և դա այն հսկայական քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որն իրականացրեց Վահե Շահվերդյանը: Նա անկրկնելի մանկավարժ էր և նրա արվեստանոցում հրաշալի արտիստներ ձևավորվեցին, որոնք այսօր զարդարում են հանրապետության տարբեր թատրոնները»,-ասաց Հակոբ Ղազանչյանը:

Նա շնորհավորեց բոլորին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նորանոր նվաճումներ:

Երաժշտական կատարումներով հարուստ մրցանակաբաշխությանը «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Նարեկ Բաղդասարյանին՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում «Խատուտիկի գինի» (Դագլաս Սփոլդինգ), «Վեներան մուշտակով» (Թոմաս Նովաչեկ) ներկայացումներում դերերի համար:

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Տաթև Ղազարյանը՝ Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թատրոնի «Միզերի» ներկայացման մեջ Էննի Ուիլքսնին մարմնավորելու համար:

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթեց Վյաչեսլավ Շամիրյանը, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Բալենու այգին» (Ֆիրս):

«Երկրորդ պլանի լավագույն կինդերակատար» անվանակարգում մրցանակը հանձնվեց Լիլիա Մուկուչյանին, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Վիյ» (Պանոչկա, Վհուկ):

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում մրցանակը տրվեց Գարեգին Եվանգուլյանին, «Կոշկավոր կատուն», Հ. Պարոնյանի անվ. թ-ն, «Կատուն շիկացած տանիքին», Պատանի հանդիսատեսի թ-ն:

«Լավագույն զգեստների նկարիչ» ճանաչվեց Թամարա Բարոյանը, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն, «Խատուտիկի գինի»:

«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը հանձնվեց  Արամ Աղաջանյանին, Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն, «Լարովի նարինջ»:

«Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարագում հաղթեց Նարեկ Կոսմոսը, «Միզերի», Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն, «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ:

«Լավագույն թատերախոսական» համարվեց Նաիրա Շահվալադյանի «Արթնացրու միտքդ, հետո էլ հոգիդ», «Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ» աշխատանքը:

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Սեյրան Մովսիսյանը, Պատանի հանդիսատեսի թ-ն, «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Վոլոդյա):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթեցին Անահիտ Վասիլյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայիև բալետի ազգային ակադեմիական թ-ն, «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ) և Ջեմմա Ադամյանը, Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․թ-ն, «Սպասում» (Կարոլին, Կին, Դայակ):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Նարե Մարտիրոսյանը, Վանաձորի Հ․Աբելյանի անվ․ դրամ․թ-ն, «Կույրերը»:

«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց  երկու բեմադրության. Հ.Պարոնյանի անվ. թ-ն,     «Կոշկավոր կատուն», բեմ․՝ Սամսոն Մովսեսյան և Մնջախաղի թ-ն, «Ալիսի երազում», բեմ․՝Մերի Կիրակոսյան:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում հաղթեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծը՝ «Բովանդակություն»-ը, բեմ․՝ ԳոռՄարգարյան:

«Լավագույն կամերային ներկայացում» համարվեց Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն, «Կեղծ նոտա», բեմ․՝Լևոն Ուզունյան:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթեց Գոռ Մարգարյանը, «Միզերի», Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ դրամ․ թ-ն և «Բովանդակություն», Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և Գյումրու Վ․Աճեմյանի անվ․ թ-ի հետ համատեղ նախագիծ:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում «Արտավազդ»-ի արժանացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ»-ը, որի բեմադրող-խորեոգրաֆն Օլեգ Վինոգրադովն է:

Հիմնական անվանակարգերից բացի հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ:

Վահե Շահվերդյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արմեն Բայանդուրյանը:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայություն մատուցելու համար«Արտավազդ» մրցանակներ շնորհվեցին Մարտին Վարդազարյանին և Կարինե Սուքիասյանին:

Ինքնատիպ թատերական հետագիծ ունենալու համար ժյուրիի հատուկ մրցանակի արժանացավ «Գոյ» թատրոնը:

Հանձնաժողովի համակրանքին արժանացավ «Մետրո» թատրոնը, իսկ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնին նոր շունչ հաղորդելու համար մրցանակ շնորհվեց թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանին:

Հակոբ Ղազանչյանը, Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը և այլք չմոռացան անդրադառնալ նաև «Գոյ» թատրոնի լուծարման խնդրին՝ նշելով, որ թատրոնի կողքին են: Նրանք շեշտեցին, որ Արմեն Մազմանյանի հիմնադրած թատրոնն ունի հրաշալի ավանդույթներ, որոնք պետք է պահպանել ու զարգացնել սեփական հարկի տակ:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր  Կարինե Խոդիկյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, գրականագետ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Արզումանյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, արձակագիր, կինոգետ Դավիդ Մուրադյանը, բեմադրիչ, դերասան Արշալույս Հարությունյանը, բեմադրիչ, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, թատերագետ Սուսաննա Բրիկյանը:

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից: Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ  1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am