Հասարակական

Հայաստան ժամանած Իրանի պատվիրակությունն այցելել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն

2 րոպեի ընթերցում

Հայաստան ժամանած Իրանի պատվիրակությունն այցելել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հակաականային գործունեության կենտրոնի ղեկավար կազմը՝ տնօրեն Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադիի գլխավորությամբ, փետրվարի 15-ին այցելել է ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀԱՓԿ-ի տարածած հաղորդագրությունից, հյուրերը ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, կարողություններին, ականատես եղել դաշտային գործնական պարապմունքներին։

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և ԻԻՀ միջև առկա համագործակցությունը և շեշտել փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար, փաստել ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը, հույս հայտնել, որ հայաստանյան հանդիպումը ևս կունենա դրական արդյունք և հիմք կհանդիսանա համագործակցության հետագա զարգացման համար։

«Հումանիտար ականազերծման գործողությունը կարևոր է այն առումով, որ փաստացի մարդու կյանքն է փրկվում, ինչպես նաև ստեղծվում պայմաններ՝ նրա անվտանգ ապրելակերպի համար: Պատրաստակամ ենք այս ոլորտում «ՀԱՓԿ»-ի հետ լայնածավալ և երկարաժամկետ համագործակցության»,- նշել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու հետ կապված հարցեր՝ մասնավորապես, շոշափվել է ԻԻՀ ՀԳԿ միջազգային ուսումնական կենտրոնում «ՀԱՓԿ» մասնագետների վերապատրաստման հնարավորությունը:

Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև ստորագրվել է հումանիտար հակաականային գործունեության ոլորտում փոխգործակցության հուշագիր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում