Միջազգային

«Տվեք մեզ թևեր». Զելենսկին Բրիտանիայից և Փարիզից հետո մեկնում է Բրյուսել

3 րոպեի ընթերցում

«Տվեք մեզ թևեր». Զելենսկին Բրիտանիայից և Փարիզից հետո մեկնում է Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա այցից հետո մեկնել է Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրամիության գագաթնաժողովին՝ որպես պատվավոր հյուր, և կխնդրի Կիևին հնարավորինս շուտ տրամադրել կործանիչ ինքնաթիռներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «France 24» պարբերականին:

Ուկրաինայի նախագահը փետրվարի 8-ից եվրոպական անակնկալ շրջագայություն է սկսել՝ այցելելով Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա:

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանի առջև, որտեղ Լոնդոնին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Զելենսկիի «Տվե՛ք մեզ թևեր» արտահայտությունը հայտնվել է բրիտանական բոլոր լրատվամիջոցների գլխագրերում: Խորհրդարանում ելույթից հետո Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ, ինչպես նաև այցելել է ռազմաբազա, որտեղ վերապատրաստում են անցնում ուկրաինացի զինվորականները:

Ռազմաբազայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռիշի Սունակը հայտնել է, որ բանակցությունների հիմնական մասը վերաբերել է Ուկրաինային ՀՕՊ համակարգերի և մեծ հեռահարության հրթիռների մատակարարմանը: Լոնդոնը և Կիևը նաև մտադիր են կազմակերպել Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողով, որը նախատեսվում է հունիսին: Ռազմական գործողությունների 1 տարվա ընթացքում Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է 4 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական, հումանիտար և տնտեսական օգնություն:

Մեծ Բրիտանիայից Զելենսկին մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Հանդիպումից հետո Ելիսեյան պալատում կայացած համատեղ ասուլիսում Ֆրանսիայի նախագահն ասել է, որ իր երկիրը մտադիր է Ուկրաինան տանել դեպի հաղթանակ Ռուսաստանի դեմ պատերազմում։ Մակրոնը վստահեցրել է Զելենսկիին, որ Փարիզը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Ի դեպ, Մակրոնը Զելենսկիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն իր հերթին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կիևն առաջին Leopard տանկերը կստանա այս տարվա մարտին կամ ապրիլին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում