Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՀՀ-ն իր պարտավորությունները ճշգրիտ կատարել է, ԵԱՏՄ շրջանակում չվերացված սահմանափակում չունենք. վարչապետ

ՀՀ-ն իր պարտավորությունները ճշգրիտ կատարել է, ԵԱՏՄ շրջանակում չվերացված 
սահմանափակում չունենք. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում իր պարտավորությունները ճշգրիտ կատարել է, չվերացված սահմանափակում չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

«ԵԱՏՄ շրջանակներում ի սկզբանե եղել է և շարունակում է մնալ արձանագրում՝ ԵԱՏՄ երկրներում գոյություն ունեցող արգելքների և սահմանափակումների մասին: Խոսքն այն երևույթների մասին է, որ որոշ պայմաններում երկրների օրենսդրություններում կան դրույթներ, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավապայմանագրային բազային կամ տառին ու ոգուն: Եվ, իհարկե, ԵԱՏՄ մարմիններն աշխատում են այդ արգելքները վերացնելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանն իր բոլոր պարտավորությունները ճշգրիտ կատարել է:

«Մենք մեր պարտավորությունները ճշգրիտ կատարել ենք և այսօր ԵԱՏՄ շրջանակում չվերացված սահմանափակում չունենք: Այն, ինչ պլանավորվում էր 2022 թվականին իրականացնել, իրականացրել ենք»,-ասաց Փաշինյանը՝ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԱԺ-ին և գլխադասային հանձնաժողովին: Նրա խոսքով՝ կան թեմաներ, որոնք շարունակում են բանակցությունների սեղանին լինել ԵԱՏՄ շրջանակում: Եվ դրանցից մեկը գազի միասնական շուկայի ձևավորման մասին է:

Վարչապետի խոսքով՝ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել, բաց կան նրբություններ, որոնք դեռ հասցեագրման և լուծման կարիք ունեն:

«Կարծես թե կա ըմբռնում, որ մենք պետք է շարունակենք քննարկումները՝ մինչև այդ հարցերի լուծումը»,-նշեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am